ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առողջապահության նախարարությունը հանդես է եկել սփյուռքահայ Մայք Սարյանի իր հասցեին հնչեցրած մեղադրանքների պարզաբանմամբ

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել սփյուռքահայ Մայք Սարյանի իր հասցեին հնչեցրած մեղադրանքների պարզաբանմամբ

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել սփյուռքահայ Մայք Սարյանի իր հասցեին հնչեցրած մեղադրանքների պարզաբանմամբ: Հիշեցնենք, որ բարերարը մեղադրել էր ԱՆ-ին, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը ՀՀ-ին իր նվիրաբերած բժշկական օգնությունը յուրացնելու մեջ:

InfoPort.am-ի հարցմանը ի պատասխան ԱՆ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. «Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։ Նշած սարքավորումները մաքսազերծվել, պահեստավորվել, գույքագրվել և բաշխվել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման արդյունքում:

Տվյալ խմբաքանակի բեռները եղել են թվով 4 հատ` 40 ֆուտանոց բեռնարկղերով, որոնցից 3-ը բաշխվել են 2018-2021 թվականների ընթացքում՝ առավելապես 2018-2019 թվականներին: Բաշխվել են մոտ 30 բուժհաստատություների միջև, պատշաճ փաստաթղթավորման իրականացմամբ: Եվս 1 բեռնարկղ ներկայում գտնվում է ՀՀ ԱՆ ԴԲՊԱԱԿ ՊՈԱԿ-ում:

Սակայն հաշվի առնելով, որ նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման՝ որոշ դեպքերում անհնար կամ ոչ նպատակահարմար է դրանց վերանորոգումը, ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթացը՝ համաձայն գործող բոլոր կարգերի:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում է սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը։ Միևնույն ժամանակ գերատեսչություններն անթույլատրելի են համարում զրպարտություն հանդիսացող անհիմն հայտարարությունների միջոցով պետական ինստիտուտների համբավը վարկաբեկելու փորձերը»։

Պաշտպանության նախարարությունից էլ InfoPort.am-ին հարցմանն ի պատասխան փոխանցեցին հետևյալը. "2017 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումների  խմբաքանակի մեջ եղած շահագործման պիտանի սարքավորումները բաշխվել են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժհաստատություններին։ Տվյալ բաշխումները հավաստող բոլոր փաստաթղթերն առկա են, որոնք կազմվել են ընդունող հանձնաժողովի կողմից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սարքավորումների մի մասը մաշվածության կամ տեխնիկական անսարքության պատճառով պիտանի չէ շահագործման, ինչի վերաբերյալ ևս առկա են ընդունող հանձնաժողովի համապատասխան արձանագրությունները: Սարքավորումների նշված մասը հիմա էլ շարունակում է գտնվել ՊՆ պահեստներում և, հնարավորության դեպքում իրականացվում է վերանորոգման կամ, եթե վերանորոգումն անհնար է` խոտանման ընթացակարգ":

Միևնույն ժամանակ ՊՆ-ում կայքի աղբյուրները հավաստեցին, որ բարերարի նամակում նկարագրված բժշկական սարքավորումը ընդհանրապես նախարարության բալանս չի մուտքագրվել:

Կայքի հարցմանը ի պատասխան Գլխավոր դատախազությունից էլ ասացին, որ բարերարի բաց նամակում հնչեցված մեղադրանքները ԳԴ-ում արդեն ուսումնասիրվում են: Նշենք, որ երեկ սփյուռքահայ գործիչ Մայք Սարյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, մեղադրում էր ԱՆ-ին ու ՊՆ-ին ՀՀ-ին տրամադրած իր բժշկական օգնությունը յուրացնելու մեջ․ «Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին:

Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին: Բարոկամերաները, որոնք դուք տեսնում ենք նկարում, նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար: Դրանք վաճառվել են երկրից դուրս. 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել: Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»։

  • Կիսվել: