հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին

Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին

Բյուրեղավանում ջրի մոնիթորինգն իրականացվում է ամենօրյա ձևաչափով, և Առողջապահության նախարարությունը շատ ուշադիր է ջրի որակի նկատմամբ։

Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Միայն Առողջապահության նախարարությունը չէ, որ մոնիթորինգ է իրականացնում։ Գիտեք, որ յուրաքանչյուր օղակ ունի պատասխանատվության իր շրջանակը։ Բայց մենք, որպես Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, այս ընթացքում իրականացնում ենք ուժեղացված մոնիթորինգ։ Այս պահին շեղումներ չենք գրանցում։ Ամենօրյա մոնիթորինգը շարունակվելու է»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանի ամբողջ տարածքում ակտիվորեն իրականացվում են ջրային ենթակառուցվածքների բարեկարգման և վերանորոգման ծրագրեր, որոնցով զբաղվում են համապատասխան մարմինները։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրի հետազոտության արդյունքում սնդիկի պարունակության հայտնաբերմանը՝ Ավանեսյանը նշեց, որ ջրի հետազոտության ընթացքում արձանագրվել են սնդիկի թույլատրելի շեմի գերազանցումներ։

 «Դրանից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը, իր լիազորությունների շրջանակում, աշխատանքներ է իրականացնում՝ պատճառները պարզելու և վերահսկողական փորձաքննություններ իրականացնելու ուղղությամբ»,– ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ այս պահին համայնքի բնակչությունն ապահովված է անվտանգ ջրամատակարարմամբ։

 «Մինչև օպերատիվ հանձնաժողովը կքննարկի այս հարցերը, համայնքի բնակչությունն ապահովված է անվտանգ ջրամատակարարմամբ։ Արդյունքների մասին կհայտնենք»,– ասաց նախարարը։

Նշենք, որ Բյուրեղավան քաղաքում վերջին ամիսներին 3 անգամ  քաղաքացիները դիմել են շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ իրականացվել էին նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում և նշել, որ լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկն էլ  օրերս դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում էին իրականացրել, որի արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից բարձր է եղել։ Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել, կրկնակի նմուշառումներ էին իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել էր նույն ցուցանիշները։ Բոլոր պատկան մարմինները տեղեկացվել և զգուշացվել են արձանագրված շեղման մասին՝ բնակչության ջրապահովման կարիքները հոգալու նպատակով։

 

  • Կիսվել: