շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայիսյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվ են գործել Մեծամորի հիվանդանոցի բժիշկները:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիել Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ.Գինոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ 07-ը բարձված է եղել գյուղմթերքներով և այն ամբողջովին թափվել է, լցվելով ճանապարհով մեկ: Հրշեջ-փրկարարները վերջում կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը: 

  • Կիսվել: