շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը

«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը

«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Երկար ժամանակ մտածում էի արձանգանքել, թե ոչ ձեր կայքում հունիսի 1-ին հրապարակված 10 ամսական Պ.Ա.-ի մահվան հետ կապված տեղեկատվությանը։ Որոշեցի համառոտ պարզաբանում տալ։

Նախ, երեխային Արմավիրի հիվանդանոց է տեղափոխել ոչ թե մայրը, այլ՝ տատը։ Նա նշել է, որ երեխան ջերմել է, տրվել է ջերմիջեցնող։ Դիմելու պահին երեխան հանգիստ էր, ջերմությունը եղել նորմալ, սատուրացիան՝ նորմալ(97%)։ Հետևաբար, առաջին բուժօգնության  որևէ անհրաժեշտություն չի եղել։ Հնարավո՞ր է, որ որևէ բժիշկ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն չցուցաբերի հիվանդին, մանավանդ երեխային։

Երեխան ուղղորդվել է պոլիկլինիկա՝ տեղամասային մանկաբույժի մոտ, որպեսզի նա զննի և կազմակերպի բուժումը։ Ես չեմ ասել, որ «Երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի», այլապես ինչու՞ պետք է ուղղորդեի տեղամասային մանկաբույժի մոտ, կուղարկեի տուն։

  Երեխան տեղամասային բժիշկ Լալա Ե.-ի կողմից ուղեգրվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ 4 օր անց մահացել է։

Ըստ ծնողի,ստացվում է , որ 2 բժիշկ հաջորդաբար հրաժարվել են առաջին բուժօգնություն ցուցաբերել նույն հիվանդին։ Առնվազն անհասկանալի է...

Պ.Ա.-ն 4 օր անց մահացել է հիվանդանոցում։ Բուժող բժիշկը հարազատներին հանգամանորեն բացատրել է հիվանդության և մահվան հանգամանքների մասին։

Դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինելուց հետո , անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Ցավակցում եմ երեխայի ծնողներին և հարազատներին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 11-ին  ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին էր դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերը, 10 ամսական Ա․ Պ․-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել էր երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել էր, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել էր տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ, ով նույնպես ստուգումներ կատարելուց հետո, հետագա ստուգումների համար ուղեգրել էր Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում էր ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։

Լուսինե Ս․-ն նաև հայտնել էր, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ՝ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: