շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հայաստանում մանրէային ծագման թունավորումների հիվանդացության դեպքերն ավելացել են

Հայաստանում մանրէային ծագման թունավորումների հիվանդացության դեպքերն ավելացել են

Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է։ Սննդամթերքի անվտանգությունը կյանքեր է փրկում: Այն ոչ միայն պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, այլև` սննդով փոխանցվող հիվանդությունների հիվանդացության նվազեցման առանցքային ուղղությունը: ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ անապահով սննդամթերքը պատճառ է դառնում շուրջ 200 տեսակի հիվանդությունների համար՝ փորլուծությունից մինչև քաղցկեղ:

Գնահատվել է, որ ամեն տարի աշխարհում 600 միլիոն մարդ (օրական միջինում 1 600 000) հիվանդանում է սննդի օգտագործման արդյունքում, իսկ 42 0000-ը՝ մահանում, որից 40%-ը՝ մինչև 5 տարեկան երեխաներ: Հարկ է նշել, որ սննդով փոխանցվող հիվանդությունների տարեկան տնտեսական բեռը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կազմում է 110 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ուստի, սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը արժեքավոր հնարավորություն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը սննդի անվտանգության հարցերի վերաբերյալ և ընդգծել սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման ուղղությունները, քննարկել տարբեր ոլորտներում սննդամթերքի անվտանգության ապահովման համատեղ մոտեցումները: Նշենք, որ այս տարվա կարգախոսն է՝ «Սննդամթերքի անվտանգություն. գիտություն գործողության համար»: Այն հրավիրում է ուշադրությունը ապացուցահեն գիտական տվյալների վրա և դրանց կիրառումը՝ որպես սննդային հիվանդությունների հիվանդացության նվազեցման, ծախսերի կրճատման և կյանքեր փրկելու բանալի:

Վերջին ժամանակներում միջազգային առևտրի ընդլայնումը, աճող քաղաքները, կլիմայի փոփոխությունը, միգրացիան նպաստում են այս հիվանդությունների թվի ավելացմանը: Սննդամթերքի անվտանգությունը տարբեր գերատեսչությունների ընդհանուր պատասխանատվությունն է և պահանջում է բազմաոլորտ միասնական մոտեցում՝ «Մեկ առողջություն» համատեքստում:

Եվրամիության երկրներում վերջին տարիներին նկատվել է սննդային բռնկումների և դրանցով պայմանավորված հիվանդության ու մահվան դեպքերի աճ: 2022թ. Եվրոպական երկրներում գրանցվել է սննդային բռնկումների 5871 դեպք, ինչը 44%-ով ավելի է, քան 2021թ.-ին։ 2023թ.-ին բռնկումների 5791 դեպքերի արդյունքում գրանցվել է 58 285 հիվանդության դեպք, որը 15%-ով գերազանցել է 2022թ.-ը (50 771 դեպք), վերջինս 50%-ով գերազանցել է 2021թ.-ը: Սննդային բռնկումների արդյունքում արձանագրվել է 2021թ.-ին՝ 34, 2022թ.-ին՝ 65, 2023թ.-ին՝ 73 մահվան դեպքեր:

Վերջին տարիներին Հայաստանում նույնպես նկատվել է մանրէային ծագման թունավորումների հիվանդացության բարձրացում, այն կազմել է 2021թ.՝ 36.4, 2022թ.՝ 33.9, 2023թ.՝ 53 (100 000 բնակչի թվով):

Կարևոր է նշել, որ սննդամթերքը կարող է բաղարկվել բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով սննդային շղթայի ցանկացած փուլում՝ արտադրություն, առաքում, սպառում, պահպանում: Շատ դեպքերում դրսևորվում են ստամոքսաղիքային համակագի ախտահարումով, երբեմն կարող են առաջացնել նաև նյարդաբանական, իմունաբանական ախտահարումներ, երիկամների, լյարդի անբավարարություն և մահ:

Սննդով փոխանցվող հիվանդությունների ցանկում կարևոր մաս են կազմում սննդային տոքսիկոինֆեկցիաները, որոնք հարուցվում են ստամքսաղիքային համակարգ ախտածին մանրէների և/կամ դրանց տոքսինների ներթափանցմամբ: Ամենատարածված սննդային հարուցիչներից են սալմոնելան (Salmonella), կամպիլոբակտերիան (Campylobacter), աղիքային ցուպիկը (enterohemorrhagic E. Coli), ստաֆիլոկոկերը (Staphylococcus aureus), որոնց հիմնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և լուծ: Սալմոնելոզի բռնկումները առավել հաճախ պայմանավորված են հետևյալ սննդամթերքներներով՝ միս, ձու, թռչնամիս և կենդանական ծագման այլ մթերքներ: Սննդային ուղիով փոխանցվող կամպիլոբակտերիաների վարակման դեպքերը հիմնականում առաջանում են հում կաթի, հում կամ անբավարար եփված թռչնամսի պատճառով: Enterohemorrhagic E. coli-ն հաճախ կապված է չպաստերացված կաթի, թերեփած մսի և աղտոտված թարմ մրգերի, բանջարեղենի հետ:

Չնայած լիստերիոզի տարածվածությունը համեմատաբար փոքր է, դրա ծանր և երբեմն մահացու առողջական հետևանքները, հատկապես՝ նորածինների, երեխաների և տարեցների շրջանում, թույլ են տալիս այն դասել սննդով փոխանցվող ամենալուրջ վարակների շարքում: Լիստերիաները հայտնաբերվում են չպաստերացված կաթնամթերքում և պատրաստի տարբեր սննդամթերքներում, կարող են բազմանալ ցածր ջերմաստիճանում:

Վիրուսային վարակներից նորովիրուսը սննդի միջոցով փոխանցվող վարակների ընդհանուր պատճառն է, որոնք բնութագրվում են սրտխառնոցով, անզուսպ փսխումով, ջրային փորլուծությամբ և որովայնի ցավով:

Կարևոր է նաև նշել պրիոնների դերը՝ որպես սպիտակուցային բնույթի վարակիչ գործոն, որոնք բնաթագրվում են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացմամբ: Վերջինս փոխանցվում է մսամթերքի միջոցով, մասնավորապես՝ ուղեղի հյուսվածքով:

Կարևոր դեր ունեն նաև բնական տոքսինները՝ միկոտոքսիններ, ծովային բիոտոքսիններ, ցիանոգեն գլիկոզիդներ և թունավոր սնկերում հայտնաբերված տոքսիններ: Դրանք մեծ քանակությամբ պարունակվում են եգիպտացորենի, հացահատիկի մեջ, ինչպիսիք են աֆլատոքսինը և օխրատոքսինը, որոնք առաջանում են հացահատիկի վրա բորբոսի ձևավորումից: Վերջինիս երկարատև ազդեցությունը կարող է նպաստել իմունային համակարգի բնականոն զարգացման վրա կամ առաջացնել քաղցկեղ:

Կարևորվում է իմանալ, որ առաջիկա ամառային սեզոնը, բանջարեղենի շատ օգտագործումը, հաճախակի խնջույքների կազմակերպումը, բազմատեսակ սննդամթերքի օգտագործումը, ինչպես նաև ճանապարհորդությունները բարձրացնում են սննդամթեքրի միջոցով փոխանցվող հիվանդությունների առաջացման և տարածման ռիսկերը: Ուստի, կանխարգելման նպատակով կարևոր է իմանալ սննդամթերքի անվտանգության պահպանման 4 պահերը:

1. Մաքրում՝ ձեր խոհանոցում մանրէների պահպանումը և տարածումը կանխելու համար

Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և տաք ջրով առնվազն 20 վայրկյան՝ կերակուր պատրաստելուց առաջ, ընթացքում և հետո, ինչպես նաև ուտելուց առաջ: Մշտապես լվացեք ձեռքերը հում միս, թռչնամիս, ծովամթերք, ալյուր կամ ձու մշակելուց հետո:

Հաճախակի լվացեք խոհանոցի արտաքին մակերեսները: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստելուց հետո լվացեք սպասքը, կտրող տախտակները տաք ջրով և օճառով:

Լվացեք թարմ մրգերն ու բանջարեղենը հոսող ջրի տակ:

2. Առանձնացում՝ խաչաձև աղտոտման կանխարգելման համար

Հում միսը և թռչնամիսը, ձվերը, ծովամթերքը կարող են հանգեցնել մանրէների տարածմանը պատրաստի սննդի վրա, եթե դրանք առանձին չպահեք: Մթերային գնումներ կատարելիս հում միսը, թռչնամիսը, ձուն, ծովամթերքը և դրանց հյութերը առանձին պահեք այլ մթերքներից: Սառնարանում դրանք պահեք առանձին և հերմետիկ փակվող տարաներում կամ սերտորեն փաթեթավորեք՝ որպեսզի հյութերը չթափանցեն այլ մթերքների վրա:

Օգտագործեք մեկ կտրող տախտակ կամ ափսե հում մսի, թռչնամսի և ծովամթերքի համար, իսկ մեկ այլ տախտակ՝ բանջարեղենի, հացի և այլ մթերքների համար, որոնք չեն ենթարկվում ջերմային մշակման:

Հում հավը նախապես լվանալու կարիք չկա։ Վերջինիս լվացումը կարող է հանգեցնել մանրէների տարածմանը այլ մթերքների, լվացարանի և սեղանի վրա:

3.Եփում՝ բավարար ջերմային մշակում մանրէների ոչնչացման համար

Սնունդը ենթարկեք բավարար ջերմային մշակման: Օգտագործեք առավելագույն առաջարկվող պատրաստման ժամանակը:

Սննդամթերքը մանրակրկիտ տաքացրեք միկրոալիքային վառարանում, հետևեք պատրաստման և պահման առաջարկվող ժամանակին: Միկրոալիքային վառարանում տաքացնելուց հետո մի քանի րոպե թողեք սնունդը, որպեսզի այն կլանի ջերմությունը:

4.Սառեցում` մանրէների բազմացումը կանխելու համար

Սնունդը անմիջապես սառեցրեք: Բակտերիաները կարող են արագ բազմանալ սենյակային ջերմաստիճանում, հատկապես՝ շուտ փչացող սննդամթերքը (միս, ծովամթերք, կաթնամթերք, մրգեր, որոշ բանջարեղեն և վերամշակված սնունդ):

Սառեցված սնունդը անվտանգ հալեցրեք սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Երբեք մի հալեցրեք սնունդը սեղանի վրա, քանի որ բակտերիաները արագորեն բազմանում են սննդի այն մասերում, որոնք հասնում են սենյակային ջերմաստիճանի:

Կարևոր է նաև հիշեցնել, որ խուսափել պատահական վայրերում վաճառվող սննդամթեքներից:

  • Կիսվել: