Ավտովթար Ապարանում. բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. վերջինը կոտրել է բնակչի փայտե ցանկապատն ու հայտնվել հողամասում. 2 վիրավորներից մեկը 9-ամյա տղա է
Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբվոյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 տարեկան տղա է, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կտրսեր պարեկներ Արթուր Մելոյանն ու Ստեփան Հովակիմյանը:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արթուր Սանդրուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: