ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արմավիրի ԲԿ»-ի մետաղի ջարդոնի վերածված շտապօգնության ավտոմեքենաները կրկին կփորձեն վաճառել

«Արմավիրի ԲԿ»-ի մետաղի ջարդոնի վերածված շտապօգնության ավտոմեքենաները կրկին կփորձեն վաճառել

«Արմավիրի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայի հարակից տարածքը վերածվել է աղբավայրի։ Տարիներ շարունակ տարածքում կայանած են մետաղի ջարդոնի վերածված շտապօգնության ավտոմեքենաները։ Այն լցված է նաև շինարարական աղբով, պոլիէթիլենային տոպրակներով, որոնց տարածմանը նպաստում են նաև թափառող շները, գրում է «Հետքը»։

 

Այս հատվածը ցանկապատ է, կա պահակային կետ և ակնհայտ է, որ աղբը գոյացել է ոչ թե բնակիչների «մեղքով», այլ՝ բժշկական կենտրոնի։

Արմավիրի համայնքապետի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդանոցի հետ ունեն պայմանագիր, ըստ որի՝ ամեն օր տեղափոխվում է հիվանդանոցի տարածքում տեղադրված աղբարկղերում հավաքված կենցաղային աղբը։

«Մենք հո չենք գնալու իրենց տարածքը սանիտարական մաքրման ենթարկենք, դա մեր ֆունկցիաների մեջ չի մտնում։ Պայմանագրով մենք հեռացնում ենք միայն իրենց կենցաղային աղբը։ Մինչ այժմ իրենցից ոչ մի բողոք չենք ստացել, հիվանդանոցն էլ ժամանակին աղբահանության համար վճարումները կատարել է։ Եթե օգնություն են ուզում, ավտոմեքենայի կարիք կա և այլն, օգնենք, ոչ մի խնդիր չկա»,-ասում է Խ․ Մկրտչյանը։

Քաղաքապետի տեղակալը հավելեց, որ աղբանոցի վերածված տարածքում շտապօգնության ավտոմեքենաների գտնվելը նոր չէ, տարիների պատմություն ունի։

Նա խոստացավ գնալ և տեղում համոզվել, թե ինչ վիճակ է։ Րոպեներ անց Խաչիկ Մկրտչյանը զանգահարեց և ասաց, որ հիվանդանոցին կօգնեն, որպեսզի տարածքի ամբողջ աղբը հեռացվի։

«Մեր քաղաքն է, կապ չունի, որ պայմանագրով նման պարտականություն չունենք, հարցը կկարգավորենք»,-հավելեց Խ․Մկրտչյանը։

«Արմավիրի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Հարություն Զուռնաչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մետաղի ջարդոնի վերածված շտապօգնության ավտոմեքենաները տարիներ առաջ հանվել են աճուրդի, սակայն որևէ մեկը կիլոգրամը 25 դրամով չի ցանկացել մետաղի ջարդոնը գնել։

«Քննարկել ենք, տարբերակ ենք մտածում ավելի էժան ջարդոնը տարածքից տանելու։ Բայց մինչ այդ մի տարածքում կհավաքենք, մինչև տանեն, վերջացնենք այդ պատմությունը»,-ասաց Հարություն Զուռնաչյանը։

  • Կիսվել: