Արևիսի դպրոցի իմ անդրադարձին տարբեր արձագանքներ եղան. պատգամավոր
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել ու գրառում արել Արևիս գյուղի դպրոցի անմխիթար վիճակի մասին:
Այսօր պատգամավորն անդրադարձել է իր գրառման վերաբերյալ արձագանքներին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արևիսի դպրոցի իմ անդրադարձին տարբեր արձագանքներ եղան։
Սահմանամերձ բնակավայրի դպրոցի՝ Արևիսի միակ վարչական շենքի նորոգման հարցով ինձ հետ կապվեցին նաև արտերկրում ապրող հայ բարերարներ, ովքեր պատրաստ են վերակառուցել շենքը։
Շնորհակալ եմ։
Ասեմ, որ այսօր հեռավոր Արևիս են գնացել մարզպետարանից՝ կրթության վարչության պետի գլխավորությամբ։
Տեղում ծանոթացել են խնդրին, չափագրումներ կատարել։
Մնացածը հետո կտեսնենք։
Հուսով եմ՝ կարևոր կհամարեն նաև սանհանգույց կառուցելու հարցը, և երեխաները ստիպված չեն լինի օգտվել դրսում փայտից կառուցված ինչ-որ բանից...՛՛:
Նշենք նաև, որ Սյունիքի մարզպետարանը հերքում է Արեւիսի հիմնական դպրոցի մասին մամուլում շրջանառվող լուրերը՝ փաստելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
«Զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցցանցերում տարածված նկարները եւ տեղեկությունները Սյունիքի մարզի Արեւիսի հիմնական դպրոցի մասին իրականությանը չեն համապատասխանում․այո՛, կա նման տեսարան Արեւիսում, սակայն տարածված լուսանկարներում պատկերված շենքային մասում դասապրոցես չի իրականացվում։
Արևիսի հիմնական դպրոցում կա ընդամենը 6 աշակերտ՝ 2 առաջին, մեկական՝ 2, 5, 8, 9 դասարաններում, եւ նրանք դաս են անում դպրոցի մասնաշենքի ուրիշ՝ այլ պայմաններով ու գործող մասում։ Մինչդեռ տարածվել են դպրոցի մասնաշենքի չգործող մասի լուսանկարները, որը դպրոցի համար չի օգտագործվում ու վթարային է։
Հրապարակում ենք դպրոցի շենքի գործող մասի իրական լուսանկարներն ու պայմանները»,- հայտնել են մարզպետարանից։



