շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արձանագրվել են շուրջ 4200 տուփ առանց մակնիշման ու ակցիզի ծխախոտի վաճառքի դեպքեր. ՊԵԿ

Արձանագրվել են շուրջ 4200 տուփ առանց մակնիշման ու ակցիզի ծխախոտի վաճառքի դեպքեր. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով:

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ծածկագրված եղանակով իրականացված «հսկիչ-գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ՀՀ տարածքում բացահայտել են ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր։ Մասնավորապես, 2024-ի մարտի 5-ին և 7-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Մասիս և Երևան քաղաքների բնակիչներ Է․Մ-ից և Ս․ Մ-ից կատարված հսկիչ գնումներով արձանագրվել են շուրջ 4200 տուփ ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի դեպքեր։ Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է առանց մակնշման ծխախոտային արտադրատեսակների շրջանառությունը, հետևաբար նշված արարքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով սահմանված է պատասխանատվություն իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան տասը միլիոն դրամը:

Նշված արարքի համար սահմանված է նաև պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է չզբաղվել ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքով, այլապես բոլոր դեպքերը բացահայտվելու են, իսկ նման գործունեություն իրականացնողները կենթարկվեն քրեական և վարչական պատասխանատվության։

 

  • Կիսվել: