չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արարատի մարզում բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Zafira-ն և Opel Astra-ն. կա 4 վիրավոր

Արարատի մարզում բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Zafira-ն և Opel Astra-ն. կա 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղու և 7-րդ փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքերում, բախվել են Mercedes, Nissan, Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև հիվանդանոց տեղափոխելը Մասիսի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: