երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում կիրականացնի կրթական և ճանաչողական ծրագրեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում կիրականացնի կրթական և ճանաչողական ծրագրեր

Ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության արդյունքում անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:

Տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը:

Առցանց հարթակում տուն-թանգարանն այցելուներին առաջարկում է «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ մշտական ցուցադրությանը:

«Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսվում է նաև այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույնպես անցկացնել այս հարթակում:

Մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին տուն-թանգարանը հրավիրում է մասնակցելու այս ծրագրին: Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:

  • Կիսվել: