չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Հիմա արդեն նաև առցանց կարող եք Ձեր նորածին երեխային գրանցել պոլիկլինիկայում. ԱՆ

Հիմա արդեն նաև առցանց կարող եք Ձեր նորածին երեխային գրանցել պոլիկլինիկայում. ԱՆ

Հիմա արդեն նաև առցանց կարող եք Ձեր նորածին երեխային գրանցել ԱԱՊ օղակում (պոլիկլինիկայում):Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, Ձեր նորածնի հաշվառման հասցեի տարածքում գտնվող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում երեխային առցանց գրանցելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացում անցնելուց հետո պետք է ընտրել հաստատությունը և բժշկին։

Երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը միայն կարող է առցանց գրանցել երեխային, մոր դեպքում` գրանցված ամուսնություն ունենալը պարտադիր չէ:

Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև նրան բժշկական կազմակերպությունում գրանցելը։
Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները նույնը չեն, ապա ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես այցելելով բնակության հասցեի (մարզի) տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։
Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։

Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կատարելու նպատակով։

Հղումը` այստեղ:

Ծառայությունը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ»։

  • Կիսվել: