Արագածոտնի մարզում 30–ամյա վարորդը Niva-ով տապալել է էլեկտրասյունը և բախվել քարե պարսպին. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանները
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 17:10-ի սահմաններում Գեղադիր գյուղի բնակիչ, 30-ամյա Նժդեհ Մանուկյանը իր վարած Niva մակնիշի 78 VM 999 համարանիշի ավտոմեքենայով Գեղադիր գյուղի գլխավոր փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ բախվել բնակչի տան քարե պարսպին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս է բերել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Ավետիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանց;լ է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:



