կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

Շիրակի մարզի Անի համայնքի բնակավայրերում առաջիկա օրերին համապատասխան հանձնաժողովների կողմից կիրականացվի գույքագրում՝ ճշտելու հուլիսի 17-ին գրանցված կարկտահարության պատճառած վնասների չափերը։

Ինչպես տեղեկացրին համայնքապետարանից, տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել համայնքի գրեթե բոլոր բնակավայրերին։ Մինչև 100 տոկոսի հասնող վնասներ են արձանագրվել համայնքի բնակավայրերի մեծ մասում, բացառությամբ Մարալիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Իսահակյան, Աղին և Լուսաղբյուր գյուղերի։ Տեղատարափ կարկուտը վնասներ է հասցրել ոչ միայն գյուղատնտեսական ցանքատարածություններին, այլև բնակիչների տնամերձ այգիներին, ավտոմեքենաներին, վնասվել են նաև բնակելի տների տանիքները։

Պատճառված վնասներին տեղում ծանոթանալու նպատակով Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և ծանոթացել կարկտահարության հետևանքների վերաբերյալ նրանց մտահոգություններին ու դժգոհություններին։ Ոլորտային պատասխանատու մասնագետները ևս մեկնել են տուժած մյուս բնակավայրեր՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։

Համայնքի ղեկավարը և պատասխանատու մարմինների ներկայացուցիչները բնակիչներին հավաստիացրել են, որ գույքագրման արդյունքները հիմք կհանդիսանան իրավիճակի ամբողջական գնահատման և հետագա անհրաժեշտ քայլերի ձեռնարկման համար:

 

  • Կիսվել: