չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անգլերեն դասընթացներ Հայաստանի երեք հյուսիսային մարզերի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար

Անգլերեն դասընթացներ Հայաստանի երեք հյուսիսային մարզերի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է անգլերենի դասընթացներ Հայաստանի երեք մարզերի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։ Դասընթացները կազմակերպվում են ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Ծրագրի շահառուներն են Տավուշի, Լոռու և Շիրակի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող հաստատությունները, այդ թվում՝ զբոսաշրջային օպերատորներն ու գործակալությունները, տեղեկատվական և մշակութային կենտրոնները, ռեկրեացիոն ծառայությունները, հյուրանոցներն ու հյուրատները, հասարակական սննդի ծառայությունները, պետական կառույցները և այլն։ Շուրջ 140 շահառու կմասնակցի անգլերեն լեզվի դասընթացներին։

Առաջարկվող դասերը միտված են բարելավելու անգլերեն լեզվի մի շարք հմտություններ՝ բանավոր հաղորդակցում, լսողական և ընկալման հմտություններ, կարդալու և գրելու հմտություններ և քերականություն։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը ազդարարվեց նոյեմբերի 26-ին Դիլիջան քաղաքում, որին ներկա էին Հայաստանում ԵՄ Պատվիրակության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Բրիտանական խորհրդի, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն նշեց․ ” Հայաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման համար, և ես ուրախ եմ տեսնել աճող թվով զբոսաշրջային նոր ընկերություններ տարբեր մարզերում։ Մեզ համար առաջնային է մասնավոր հատվածի զարգացումը, քանի որ այն տնտեսական աճի առանցքային գործոն է։ Ուստի մենք մեծապես աջակցում ենք զբոսաշրջության ոլորտում առկա մասնավոր ընկերություններին։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ ջանքեր են գործադրվում արտերկրում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջության վայրի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այսպիսի իրավիճակը պահանջում է, որ զբոսաշրջային ընկերությունները պատրաստ լինեն ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին բարձր մակարդակով, և անգլերենի լավ իմացությունն առաջին պայմաններից մեկն է: Մենք ուրախ ենք աշխատել Բրիտանական խորհրդի հետ սերտ համագործակցությամբ այս հրաշալի նախաձեռնության շրջանակներում: “։

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց․ «Զբոսաշրջությունը վերջին տարիներին Հայաստանի ամենաարագ զարգացող ոլորտներից է, ինչի արդյունքում ընդլայնվել են ենթակառուցվածքներ և ապահովվել է ծառայությունների և զբոսաշրջային վայրերի ընդհանուր զարգացում։  Մինչ Հայաստանն արտերկրացի զբոսաշրջիկների համար դառնում է գրավիչ ուղղություն, անգլերենի կարևորությունն էլ ավելի է մեծանում այն կազմակերպությունների և բիզնեսների համար, որոնք ցանկանում են խթանել իրենց ծառայությունների վաճառքն ու տրամադրել բարձրակարգ սպասարկում, այդ թվում արդյունավետ հաղորդակցության միջոցով։ Ուրախ եմ որ Բրիտանական խորհուրդը գործակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ այս կարևոր առաքելությունն իրականացնելու նպատակով՝ բարելավելու Հայաստանի հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության ոլորտը»։

Դասընթացներին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը։

Ավելին իմանալու համար այցելել՝ https://www.britishcouncil.am/programmes/education/english-tourism

  • Կիսվել: