ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՆ-ն և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը կարևորել միասին աշխատելու շարունակականությունը

ԱՆ-ն և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը կարևորել միասին աշխատելու շարունակականությունը

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է Առողջապահության նախարարության խորհրդատուների հերթական տարեկան հանդիպումը:

Գերատեսչության խորհրդատուների տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության նախարարության ռազմավարության, քաղաքականության առաջնահերթություններն ու օրենսդրական վերջին բարեփոխումները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։

Կողմերն ընդգծել են առողջապահության նախարարության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի արդյունավետ գործակցությունը և կարևորել միասին աշխատելու շարունակականությունը՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման և առողջապահական համակարգերի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։

Երկօրյա աշխատաժողովի ժամանակ մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, բուժաշխատողների էթիկայի կանոնների, շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առողջապահության բնագավառի մասնագիտությունների նոր ցանկի վերաբերյալ։

  • Կիսվել: