ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի տանը 45 ընտրող գրանցված լինելու մասին
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է տեղկությանն առ այն, որ նախարար Արսեն Թորոսյանի տանը կա փաստացի գրանցված 45 ընտրող։
Նա, մասնավորապես, նշել է․
«Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է մի գրառում, իբր նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող: Այդ «ցնցող լուրը» տեղ է գտել որոշ լրատվամիջոցների լրահոսում: Ավելին, արդեն իսկ մի քանի լրագրող թեմայի վերաբերյալ հարց է ուղղել ինձ:
Լուրը տարածող և հարցով «հետաքրքրված» հարգելի լրագրողներ, դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն:
Տարրական լրագրողական հետաքննության հմտություններ ունեցող (գուցե դրա կարիքն էլ չկա) ցանկացած ոք կարող է արագ պարզել դա, պարզապես այցելելով նշված հասցե և տեսնելով, թե Խորհրդային Միությունից ի վեր այդ հասցեում քանի տուն կա»:



