կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ԱԻ նախարարի կարգադրությամբ Սևանա լճում 3 օր առաջ ջրահեղձ եղած քաղաքացիների դիերի որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում է ՓԾ տնօրենը (տեսանյութ)

ԱԻ նախարարի կարգադրությամբ Սևանա լճում 3 օր առաջ ջրահեղձ եղած քաղաքացիների դիերի որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում է ՓԾ տնօրենը (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ շարունակվել են Գեղարքունիքի մարզի 2  բնակիչների որոնողական աշխատանքները Սևանա լճում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքները այսօր տեղում ղեկավարում է  Ա. Գասպարյանը: Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են և վաղ առավոտվանից Մարտունու հրշեջ-փրկարարները, ջրասուզակները, մի քանի գյուղերի բնակիչներ, ովքեր մոտ 40 մոտորանավակներով ափից  3-4 կմ հեռավորության վրա, 1 կմ լայնքով որոնողական աշխատանքներ են իրականացնում: Եղանակային պայմանները երեկվա համեմատ մի քիչ մեղմ են:

Ցավոք, մինչև այս պահը դեռ դիերը չեն հայտնաբերվել: Այս պահին փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանի գլխավորությամբ տեղում Գեղարքունիքի  մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և բաժնի պետի տեղակալ  Գարիկ Գերասիմյանի  հետ խորհրդակցություն է անցկացվում, որպեսզի հիմա աշխատանքները դադարեցվեն և այն վերսկսվի վաղը առավոտյան ժամը 07:00-ից:

Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ով մի խումբ հրշեջ-փրկարարների հետ մեկ այլ հատվածում են կատարում որոնողական աշխատանքներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանը ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանին անընդհատ տեղեկություններ  էր հաղորդում կատարված աշխատանքների մասին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում շարունակվել են 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները Սևանա լճում:   Աշխատանքները վերսկսվել են առավոտյան ժամը 07:00-ին և այն ղեկավարում էին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանն ու վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանը: Որոնողական աշխատանքներին միացել էին 18 հրշեջ-փրկարար. ինչպես Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, այնպես էլ՝ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից: 

Առաջին օրվանից որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ:   Ենթադրյալ այն վայրից, որտեղից Վարդենիկ գյուղի բնակիչներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն և 53-ամյա Ավետիք Սևոյանը նավակով դուրս են եկել Սևանա լճի վրա, այդ վայրից մոտ 3 կիլոմետր դեպի լիճ շարունակվել են որոնողական աշխատանքները:  

Հրշեջ-փրկարարների, ջրասուզակների, ոստիկանության Մարտունբու բաժնի ծառայողներին օգնում են նաև մի քանի գյուղերի, այդ թվում՝ Նորատուս, Վարդենիկ, Զոլաքար, Մարտունի քաղաքի ավագ և երիտասարդ սերնդի տղամարդիկ, ովքեր իրենց մոտորանավակներով նույն վայրում հետախուզա-որոնողական աշխատանքներ  էին կատարում:  

Երկար տարիներ ջրասուզակ աշխատող Վահե Մելքոնյանը նույնպես 2 անգամ մոտ 30 մետր խորությամբ սուզվել էր կասկածելի վայրում, մինչ այդ էլ հրշեջ-փրկարարներն ու ջրափրկարարները հատուկ տեխնիկայով ջրի հատակն էին զննում:  

Որոնողական աշխատանքները, ցավոք, երեկ նույնպես արդյունք չտվեցին, իսկ եղանակի վատթարացման պատճառով, ժամը 19:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվեցին:   Տեղում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի կարգադրությամբ ծառայություն էին կատարում նաև ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: