շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Սևանի համար ԱԶԲ-ն առաջարկում է 260 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Սևանի համար ԱԶԲ-ն առաջարկում է 260 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Սևանա լիճ թափվող ազոտի և ֆոսֆորի ավելցուկը, կլիմայի փոփոխությունն ու չմաքրված կեղտաջրերը շարունակում են վտանգել Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսի էկոլոգիական հավասարակշռությունը։ Խնդիրները մեղմելու համար Ասիական զարգացման բանկը մշակել է 260 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր, որի առաջին փուլում նախատեսվում է արդիականացնել Գավառի, Մարտունու և Վարդենիսի մաքրման կայանները։

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված մեդիա այցի ընթացքում մի խումբ լրագրողներ հանդիպեցին ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության և ՀՀ կառավարության ներկայացուցիչներին՝ ծանոթանալու «Սևանա լճի շրջակա միջավայրի դիմադրողականության ամրապնդում և կայուն տնտեսության խթանում» տեխնիկական աջակցության ծրագրի արդյունքներին, ինչպես նաև ծրագրի հաջորդ՝ ներդրումային փուլի անելիքներին։

Ինչպես հայտնեց ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանը, Բանկը դեռևս 2020 թվականին Հայաստանին տրամադրել է 700 հազար դոլարի տեխնիկական աջակցություն, որի շրջանակում ուսումնասիրվել են Սևանա լճին սպառնացող վտանգները։

«Ծրագիրն իրականացնում էինք առավելապես կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ճնշումների համատեքստում, սակայն ընթացքում՝ լիազոր մարմնի հետ աշխատանքին զուգահեռ, հասկացանք, որ ուսումնասիրության շրջանակն ընդլայնելու անհրաժեշտություն կա»,- նշեց Վարդան Կարապետյանը՝ հավելելով, որ արդյունքում իրականացվել և հրապարակվել են մի շարք ուսումնասիրություններ։

Դրանց շրջանակում գնահատվել է Սևանի ավազանի զբոսաշրջային ներուժը, ուսումնասիրվել են կենսաբազմազանությունը, էկոհամակարգային ծառայությունները և մի շարք այլ ուղղություններ։

«Ունենք էկոհամակարգային ծառայությունների փորձագիտական գնահատական, որը փաստում է, որ Սևանի ավազանը տարեկան ավելի քան 400 մլն դոլարի տնտեսական արդյունք է գեներացնում։ Խոսքը օրական մոտ մեկ միլիոն դոլարի մասին է, որը ներառում է զբոսաշրջությունից, ձկնաբուծությունից, ձկնորսությունից, գյուղատնտեսությունից և էներգետիկայից ստացվող օգուտները»,- ասաց նա։

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Սևանի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը սպառնում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական գործոններ։ Մասնավորապես, Սևան թափվող 28 գետերն ու գետակները լիճ են բերում տարեկան մոտ 800 մլն խմ ջուր, մինչդեռ բնական գոլորշիացումը կազմում է շուրջ 1 մլրդ խմ։ Դրան ավելանում է նաև տնտեսական նպատակներով ջրառը, որի ծավալը օրենքով սահմանված է տարեկան մինչև 170 մլն խմ։

Ոչ մարդածին ռիսկերից կարևորագույնը կլիմայի փոփոխությունն է։ Վերջին հարյուր տարվա ընթացքում Սևանի ավազանում ջերմաստիճանը բարձրացել է գրեթե 2 աստիճանով, ինչը մեծացնում է բնական գոլորշիացման ծավալը։ Սա հանգեցնում է ինչպես ջրի քանակական, այնպես էլ որակական փոփոխությունների։

«Ջրի քանակի կրճատումն անխուսափելիորեն հանգեցնում է ջրի որակի խնդիրների, որոնք գնալով ավելի են սրվում՝ պայմանավորված Սևան թափվող տարբեր չմաքրված ջրերով»,- պարզաբանեց Վարդան Կարապետյանը՝ նշելով, որ աղտոտման աղբյուրները բազմազան են և ներառում են տնային տնտեսություններից արտանետվող կոմունալ-կենցաղային ջրերը, արդյունաբերական և գյուղատնտեսական կեղտաջրերը։

Նրա խոսքով՝ հատկապես կարևոր գործոն է գյուղատնտեսությունը, քանի որ ոչ կայուն գյուղատնտեսական պրակտիկաների պայմաններում տարբեր թունաքիմիկատներ և այլ նյութեր կարող են ներթափանցել լիճ։

«Այս ամենի արդյունքում ունենում ենք ջրի որակի վատթարացում, որը հիմնականում պայմանավորված է երկու հիմնական տարրերի՝ ազոտի և ֆոսֆորի ներթափանցմամբ։ Իսկ մեզ բոլորիս շատ հայտնի պարզ տերմինով ասած՝ դա Սևանի ծաղկումն է, որը պայմանավորված է ջրում ֆոսֆորի շարունակական կուտակմամբ»,- նշեց նա։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեկան Սևան է արտանետվում ավելի քան 100 տոննա ֆոսֆոր և մոտ 300 տոննա կամ ավելի ազոտ, որոնք կուտակվում են ջրի ստորին շերտերում և նպաստավոր միջավայր են ստեղծում տարբեր բակտերիաների և ջրիմուռների ակտիվ աճի համար։

«Որպեսզի ճիշտ հասկանանք՝ սա ընդհանուր սննդային շղթայի մի մասն է։ Այդ բակտերիաները միշտ էլ առկա են, և այդ նյութերը Սևանի էկոլոգիական հավասարակշռության համար անհրաժեշտ են։ Խնդիրը դրանց ավելցուկային արտանետումների մեջ է»,- նշեց նա։

Այս ռիսկերը կառավարելու նպատակով ԱԶԲ-ն մշակել է երեք փուլից բաղկացած ներդրումային ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է արդիականացնել Սևանի ավազանի մաքրման կայանները և ներդնել կենսաբանական մաքրման համակարգեր։

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 260 մլն դոլար, սակայն այն կիրականացվի փուլերով։ Առաջին փուլում, որի արժեքը գնահատվում է 100 մլն դոլար, նախատեսվում է Սևանի ավազանում բնակվող մոտ 200 հազար բնակչի գրեթե կեսին ընդգրկող երեք համայնքներում՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում, գործող մեխանիկական մաքրման կայանները վերափոխել կենսաբանական մաքրման կայանների։

Ինչպես նշեց Վարդան Կարապետյանը. «Ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում այս բնակավայրերից Սևան թափվող ֆոսֆորի ծավալը կարող է տարեկան նվազել մինչև 70 տոննայով, ինչը էական նշանակություն ունի ինչպես ջրում, այնպես էլ ամբողջ ավազանում էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար»։

ՀՀ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԶԲ-ի հետ ջրային ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և սա դրանցից ամենաարդյունավետներից մեկն է։

Նրա խոսքով՝ այն «ոչ միայն ինստիտուցիոնալ բարեփոխում է, այլև կայուն և երկարաժամկետ կառուցվածքային փոփոխություն»։

Պաշտոնյայի խոսքով՝ ներդրումային կոմիտեն արդեն հաստատել է ծրագրի ներդրումային առաջին փուլի փաթեթը՝ 39,6 մլրդ դրամի չափով։ Ներկայում ԱԶԲ-ի հետ քննարկումներ են ընթանում՝ ներդրումային ծրագրի ժամկետներն ու ֆինանսավորման ծավալները հստակեցնելու նպատակով։

«Այս ծրագրում այնպիսի փորձագետներ են ներգրավված և այնպիսի ճկունությամբ է աշխատանքը կազմակերպվում, որ համոզված ենք՝ կհաջողենք»,- վստահեցրեց Նվարդ Վարդանյանը։

ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի խոսքով՝ Սևանի մասին խոսելիս բառեր ընտրելու կարիք չկա, քանի որ այն Հայաստանի գանձն է։

«Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական արժեք է, այլև Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ, որը նպաստում է ջրային անվտանգությանը, էներգետիկային, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և մարդկանց կենսամիջոցներին»,- նշեց Լյազիզա Սաբիրովան։

Նա հայտնեց, որ ԱԶԲ-ի աջակցությունն օգնել է քննարկումները խնդրի ախտորոշման փուլից տեղափոխել գործնական և ներդրումային լուծումների փուլ։

«Այժմ առաջնահերթությունը առկա գիտելիքը գործնական քայլերի վերածելն է՝ սկսելով կոյուղաջրերի մաքրման կայանների և կոյուղային համակարգերի զարգացումից, որոնք կարող են նվազեցնել սննդարար նյութերով պայմանավորված աղտոտումը՝ միաժամանակ ապահովելով, որ ենթակառուցվածքները երկարաժամկետ հեռանկարում լինեն ֆինանսապես և ինստիտուցիոնալ առումով կայուն»,- նշեց նա։

ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենի խոսքով՝ իրենց նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը, որպեսզի ուսումնասիրություններից անցնեն նախագծմանը, իսկ նախագծումից՝ ներդրումներին, որոնք չափելի բարելավումներ կբերեն Սևանա լճի, ինչպես նաև այն համայնքների և տնտեսության համար, որոնք կախված են այդ արժեքավոր ռեսուրսից։

Քանի որ ծրագիրը նաև բնապահպանական մեծ նշանակություն ունի, ԱԶԲ-ն ակնկալում է, որ դրա իրականացման գործընթացում հնարավոր կլինի ներգրավել նաև այլ դոնորների։

Ինչպես հայտնեց Վարդան Կարապետյանը, այդ նպատակով արդեն դիմել են տարածաշրջանային հիմնադրամներին։

«Այսօր արդեն ունենք պատկերացում, որ տարբեր կլիմայական հիմնադրամներից հնարավոր է ներգրավել մոտ 10 մլն դոլար, և շարունակաբար աշխատանք ենք տանում այդ գումարների ծավալն ավելացնելու ուղղությամբ»,- նշեց նա։

  • Կիսվել: