կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. Հարավային Կովկասում ԵԽ պատվիրակության ղեկավար

Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. Հարավային Կովկասում ԵԽ պատվիրակության ղեկավար

Այսօր Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ կարծիքների փոխանակում: Ելույթ են ունեցել եվրոպացի պատգամավորներ, իրենց դիրքորոշումը հայտնել հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Ելույթ է ունեցել նաև էստոնացի պատգամավոր, Հարավային Կովկասում ԵԽ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը:

Եվրոպացի խորհրդարանականը հայտարարել է, որ հրադադարից մեկ տարի անց իրավիճակը տարածաշրջանում վատացել է, լարվածությունը՝ մեծացել, ինչն անհանգստացնող է: Նա նշել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարարի, Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ, հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին և կարող է հայտարարել, որ հաշտեցման եզրեր չի տեսնում, կողմերը շարունակում են միմյանց մեղադրանքներ ներկայացնել: Չի փոխվել հատկապես Ադրբեջանի հռետորաբանությունը: Նրա խոսքով՝ իրավիճակի բարելավմանը չի նպաստում նաև Բաքվում բացված «հաղթանակի պուրակը»:

Եվրապատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի մոտեցումը խնդրի կարգավորմանը: «Բաքուն մերժում է բանակցությունների օրակարգ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը և փորձում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավելի ընդարձակ ներկայացնել։ Մտահոգիչ են նաև Հայաստանի ու Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին վերջին միջադեպերը: Դեռևս կան ռազմագերիներ ու այլ գերեվարված մարդիկ, որոնց թիվը վերջին ռազմական գործողություններից հետո ավելացել է: Լուրջ հարց է այսպես կոչված «միջանցքի» խնդիրը: Հայաստանն ուզում է վերականգնել խորհրդային շրջանի ճանապարհային վիճակը, Ադրբեջանը ուրիշ բան է ուզում»,- ասել է Էստոնիայի նախկին արտգործնախարարը:

Մարինա Կալիուրանդը կոչ է արել եվրոպական կառույցներին՝ ավելի ակտիվ լինել կովկասյան տարածաշրջանում հակամարտության կարգավորման հարցում: Առայժմ բոլոր հարցերն, ըստ նրա, լուծվում են Ռուսաստանի միջնորդությամբ՝ Եվրամիությունը դիտորդի դերում է:

  • Կիսվել: