երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԱԱԾ-ում կորոնավիուսով վարակավածության 16 դեպք է գրանցվել

ԱԱԾ-ում կորոնավիուսով վարակավածության 16 դեպք է գրանցվել

Ազգային անվտանգության ծառայությունում երեկվա դրությամբ կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրված եղել, երեք անձ արդեն առողջացել է, 13-ը գտնվում են հսկողության ներքո։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից՝ տեղեկացնելով նաև, որ հսկողության ներքո գտնվող անձանցից որևէ մեկի մոտ բարդություն չկա։

 

«Հետք»-ը  կորոնավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ հարցում է ուղարկել նաև Հատուկ քննչական ծառայություն։

Մեր հարցանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնում են, որ այս կառույցում  կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ չկան:

«Ծառայության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` վարակի տարածումը կանխելու համար: Այդ նպատակով դեռևս մարտ ամսից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը՝ մինչև իրավիճակի կարգավորումը: Բացի այդ, աշխատակիցների մի մասի աշխատանքային գործունեությունն իրականացվում է հեռավար, իսկ աշխատանքի հաճախող աշխատակիցները ջերմաչափվում են ամեն օր: Ծառայություն հրավիրվող անձինք նույնպես ջերմաչափվում են շենք մուտք գործելիս, և նրանց տրամադրվում են անձնական պաշտպանության միջոցներ»,- հայտնում են ՀՔԾ-ից։

Ծառայության երկու աշխատակից թեստավորվել է, սակայն պատասխանները եղել են բացասական։ ՀՔԾ-ից հայտնում են նաև, որ այնտեղ  պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Բոլոր աշխատակիցներն ապահովված են անհրաժեշտ ախտահանիչ միջոցներով:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քննչական կոմիտեում նույնպես  կորոնավիրուսով ախտորոշման դեպքեր չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ մարտի 1-ից առ այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2066 դեպք,  որոնցից 929-ն առողջացել են, մահացել՝ 32-ը, իսկ 1103  անձ գտնվում է փաստացի բուժման մեջ։

  • Կիսվել: