65 տարեկան և բարձր տարիքի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի կամ դասը անցկացնել հեռավար․ Հրապարակվել է նոր ուղեցույցը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այսօր հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։
Ըստ այդ փաստաթղթի, առաջին դասարանցիները դպրոց կսկսեն հաճախել սեպտեմբերի 14-ին, իսկ ավելի բարձր դասարանները՝ 15-ին։ 2020-2021 թվականների ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ։
Կորոնավիրուսի պատճառով, դպրոցներն ապահովվում են դիմակներով մաշկային հականեխիչ ու ախտահանիչ նյութերով, ինչպես նաև անձեռոցիկներով՝ մեկ շաբաթվա պահուստով։ Ինչպես նաև դպրոցները կուեննա ջերմաչափեր։
Դպրոցներում զանգվածային միջոցառումները դադարեցվում են, երկարօրյա ծառայությունները և արտաուսումնական խմբակները ժամանակավորապես դադարեցվում են։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում երկարօրյա ծառայություններն ու արտաուսումնական խմբաները կարող են գործել՝ պարտադիր պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Դպրոցում գտնվելու ողջ ընթացքում դպրոցի անձնակազմը պետք է կրի դիմակ, դպրոցի մուտքի մոտ կատարվում է անձնակազմի պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։
Եթե դպրոցի անձնակազմից որևէ մեկի մոտ նկատվում են շնչառական վարակներին բնորոշ աշխտանշաններ, ապա նրա աշխատանքը անհապաղ դադարեցվում է։
«Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը ուսումնական հիմնարկ առանց դիմակի», նշվում է ուղեցույցում։
65 տարեկան և բարձր տարիքի ուսուցիչների համար այս ուղեցույցով տրվում է ընտրության հնարավորություն՝ կամ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք տրամադրվում են նախարարության կողմից, կամ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, կամ չներկայանալ աշխատանքի։
Աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցչի համար դասաբաշխում չի կատարվում, իսկ աշխատավարձի վճարումը կատարվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել, քան մեկ հաստիքի չափով։



