ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
40-ամյա տղամարդու դանակահարություն Սարի թաղում․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

40-ամյա տղամարդու դանակահարություն Սարի թաղում․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Բժշկական կենտրոնից դեկտեմբերի 15-ին, ժամը 2.30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով Սարի թաղի 40-ամյա մի բնակիչ է հիվանդանոց տեղափոխվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ խումբը մեկնել է բժշկական կենտրոն։ «Տղամարդուն վիրահատում էին, բացատրություն վերցնելն անհնար էր։ Նրան հիվանդանոց ուղեկցողի հայտարարությամբ՝ նշված հասցեում բարձրությունից էր ընկել։

Սակայն Սարի թաղ մեկնած քրեական հետախույզները այլ բան պետք է պարզեին։ Հարազատների հայտարարությունը հավատ չէր ներշնչում։ Թե՛ վնասվածքի բնույթը, թե՛ դեպքի վայր զննությունը փաստում էին, որ թաքցրել են կատարվածի իրական հանգամանքները։ Նույնիսկ դժվար չէր պատկերացնել, թե ինչու։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ժամեր առաջ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր հորեղբոր 29-ամյա որդին։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել։

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դանակը հայտնաբերվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

  • Կիսվել: