կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության գործիքակազմը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության գործիքակազմը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման եւ չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի կարեւորությունը եւ ընդգծել, որ համակարծիք է նրա՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ ֆորումի ժամանակ արված հայտարարության հետ, ըստ որի՝ պատերազմական հանցագործների հերոսացումը չի կարող համատեղվել ժողովրդավարական արժեքների հետ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է պատերազմական հանցագործություններին պատշաճ անդրադառնալու, համարժեք գնահատական տալու եւ դրանց կանխարգելմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Հանրապետության գլխավոր դատախազը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության լիազորությունների էվոլյուցիան, Դատախազության գործիքակազմը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, խոշտանգումների կանխարգելմանն ու դրանց դեմ քրեաիրավական պայքարին եւ այլն:

Դատախազության լիազորությունների համատեքստում քննարկվել են նաեւ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում հայեցակարգային փոփոխությունները, որոնց արդյունքում քրեական արդարադատությունը դարձել է ավելի տուժողակենտրոն:

  • Կիսվել: