շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Լավրովը ՄԱԿ ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը

Լավրովը ՄԱԿ ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը

Ռուսաստանը պնդում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև ապագայում նման միջադեպերի կանխման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի իր ելույթում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Լավրովը հայտարարել է, որ այս տարվա սկզբին ԱՄՆ-ը Վենեսուելայում իրականացրել է ռազմական գործողություն, որն ավարտվել է Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությամբ ու նրանց արտահանձնմամբ։

«Այս տարվա սկզբին, խախտելով բոլոր նորմերը, այդ թվում՝ բարոյականության նորմերը, Միացյալ Նահանգների ներխուժումը Վենեսուելա ավարտվեց նախագահ Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությամբ, ինչպես նաև առանց դատավարության ամերիկյան բանտում նրանց պահելով: Պնդում ենք, որ վենեսուելացի առաջնորդը և նրա կինը շուտափույթ ազատ արձակվեն, ինչպես նաև ապագայում նման էքսցեսներ չկրկնվեն»,-ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային իրավունքը, իր խոսքով, ուղղակիորեն նախատեսում է պետության բարձրագույն պաշտոնատար անձանց իմունիտետի և անձեռնմխելիության պահպանումը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին և ձերբակալել Մադուրոյին ու Ֆլորեսին, որից հետո նրանց դուրս է բերել երկրից։ Հունվարի 5-ին նրանք ներկայացել են Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջև։ Ամերիկյան իշխանությունները նրանց մեղադրանքներ են առաջադրել՝ կապված թմրամիջոցների հետ։ Մադուրոն և նրա կինը մեղքը չեն ընդունել։

Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայում պետության ղեկավարի գործառույթները կատարում է Դելսի Ռոդրիգեսը, որը նախկինում զբաղեցնում էր երկրի գործադիր փոխնախագահի պաշտոնը։

  • Կիսվել: