երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թիրախավորելով խաղաղ բնակիչներին՝ Ադրբեջանը խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ․ Թագուհի Թովմասյան

Թիրախավորելով խաղաղ բնակիչներին՝ Ադրբեջանը խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ․ Թագուհի Թովմասյան

Անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն դրույթները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը մարտահրավեր է նետում ողջ միջազգային իրավակարգին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանի և Երվանդ Բալայանի ուղղությամբ։

Նույն օրը` ժամը 11:00-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը, «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։ Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։ Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում Ալյոշա Զաքարյանին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ևս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել:

Մարտի 25-ին Ադրբեջանը հատել է Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը կրկին փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Վերոնշյալ գործողություններով Ադրբեջանը փորձում է խզել միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև, իսկ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ։

Անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն դրույթները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը մարտահրավեր է նետում ողջ միջազգային իրավակարգին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ խնդրելով իրենց մանդատի ողջ ուժով գործադրել միջնորդական ջանքեր՝ ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։ Միաժամանակ խնդրել եմ հանդես գալ հրապարակային քննադատական հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանի հանցավոր վարքագծին», - գրել է նա։

  • Կիսվել: