չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Հումանիտար հարցերը Ադրբեջանի հետ մեր մշտական օրակարգի, մշտական թեման է. Միրզոյան

Հումանիտար հարցերը Ադրբեջանի հետ մեր մշտական օրակարգի, մշտական թեման է. Միրզոյան

Հումանիտար հարցերը, որոնց տակ առաջին հերթին ի նկատի ունենք պատանդառված անձնաց ազատ արձակման հարցը, անհետ կորած անձնաց ճակատագրի պարզաբանման և նման այլ հարցերը, Ադրբեջանի հետ մեր մշտական օրակարգի, մշտական թեման է, մշտական խորագիրն է: Այս մասին ՀՀ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք նախարարը նկատել է, որ սոցցանցերի հայկական տիրույթում Բաքվում անհետ կորածների մասով կազմակերպված համաժողովը ներկայացվել է որպես ՀՀ-ի դեմ Ադրբեջանի նոր պահանջ:    

«Երեկվանից էլի ֆեյսբուքյան փոթորիկներն են, որ Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը էլի հերթական պահանջն է ներկայացնում: Նախ այդ թեման որքան Ադրբեջանին է հետաքրքիր, այնքան էլ Հայաստանին է հետաքրքիր: Մենք մեր անհետ կորածներն ունենք, մենք մեր հարակից այլ հումանիտար հարցերն ունենք: Հազար անգամ ասել ենք, որ եթե դա պահանջ է, դա նաև մեր պահանջն է: Այս թեման քննարկվել է և Բիշկեքում նախագահ Ալիևի հետ հանդիպման ընթացքում, ՀՀ վարչապետը էլի է բարձրացրել այդ հարցերը: Իմ ու նախարար Բայրամովի Նյու Յորքի հանդիպմանը ևս անդրադարձ է եղել այս հարցերին»,-ասաց նախարարը:

Միրզոյանն ընդգծեց, որ սա Հայաստանի ու Ադրբեջանի խոսակցության մշտական թեման է, որը հետաքրքիր է ինչպես Բաքվին, այնպես էլ Հայաստանին:

  • Կիսվել: