հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուբեն Հայրապետյանի գործով ամենաթողություն է, բայց մի բան կասեմ՝ այս գործի պատվիրատուներն էլ են դատապարտվելու, կատարողներն էլ․ փաստաբան

Ռուբեն Հայրապետյանի գործով ամենաթողություն է, բայց մի բան կասեմ՝ այս գործի պատվիրատուներն էլ են դատապարտվելու, կատարողներն էլ․ փաստաբան

Հուլիսի 3-ին Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում իրավապահների կողմից կատարված խուզարկության հետևանքով առգրավվել են որոշ փաստաթղթեր, համակարգիչներ, InfoPort.am-ին տեղեկացրեց փաստաբան Ամրամ Մակինյանը, որը այս քրեական գործի շրջանակներում ներկայացնում է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր և Հանրապետական Ռուբեն Հայրապետյանի ու նրա որդու շահերը։

Խուզարկությունը կատարվել է դեռևս մայիսին հարուցված Հայկ Շահնազարյանին ազատությունից ապօրինի զրկելու, խոշտանգելու և հետագայում ունեզրկելու քրեական գործի շրջանակում, որում որպես մեղադրյալ ներգրավված է նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին, ևս 4 անձ։

«Այդ օրը խուզարկության ընթացքում քրեական գործին վերաբերող ոչինչ չեն առգրավել, իսկ գործին չվերաբերող առգրավել են փաստաթղթեր, որոնք վերաբերել են ընկերության տնտեսական գործունեությանը, համակարգիչներ, որոնցում տեղեկատվություն կա ընկերության տնտեսական գործունեության մասին», -ներկայացրևեց փաստաբանը։

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, Ռոբեն Հայրապետյանը, նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը և վերջինիս մի քանի ընկերները մեղադրվում են մի շարք քրեական հոդվածներով: Ըստ Քննչական կոմիտեի` նրանք իրենց պատկանող հյուրանոցի ղեկավարին 2016 թվականին շուրջ 22 օր ապօրինի ազատազրկել են, ծեծել ու նվաստացրել, սպառնացել, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարի շուրջ ծագած վեճի պատճառով՝ պահանջելով, որ Շահնազարյանը վերադարձնի Հայրապետյանների բանկից վարկով վերցրած այդ գումարը։ Ընդ որում, ըստ քննչական մարմնի, Շահնազարյանը կատարել է իր վարկային պարտավորությունները, սակայն վարկը ձևակերպված է եղել «Հարսնաքար»-ի գործունեությունն ապահովելու համար, բայց օգտագործվել է նաև Շահնազարյանի սեփական բիզնեսի զարգացման համար։
Շուրջ 22 օր «Հարսնաքար»-ում փակված Հայկ Շահնազարյանն իր հետ տեղի ունեցածից հետո Հայրապետյաններին է տվել գումար, ոսկյա իրեր, երկու ավտոմեքենա, անգամ տատիկի առանձնատունը, ինչպես նաև նրա անունով ձևակերպվել են վարկեր։ Այս քրեական գործով Հայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ դատարանը կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նրանք բոլորն էլ հետախուզման մեջ են գտնվում։ Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը տվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հայրապետյաններին պատկանող հյուրանոցը խուզարկելու մասին որոշումը փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։
Հայրապետյանները, սակայն, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Ավելին, Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարում է, որ սա պատվիրված գործ է, և այն, ինչ կատարվում է իր պաշտպանյալների հետ ամենաթողություն է։

Մեր հարցին, թե այս քրեական գործի շրջանակներում առերեսումներ եղե՞լ են, Մակինյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով՝ դա այն դեպքում, երբ իրենք այդ ու նաև այլ հարցերի շուրջ բազում միջնորդություններ են ներկայացրել։

«Եթե մի բառով փորձեմ նկարագրել այս գործով իրականացվողը, ամենաթողություն է. Հայրապետյաններին վերաբերող քրեական գործով անում են այն, ինչ ուզում են։ Ուղղակի խայատառակություն է։ Զարմացած եմ ուղղակի, թե ի՞նչ հույսով են այդ կարգի խախտումներ իրականացնում։ Օրենքները շպրտել են մի կողմ ու իրենց մտքի եկածն անում են։ Ես ուղղակի մի բան կասեմ՝ այս գործի պատվիրատուներն էլ են դատապարտվելու, կատարողներն էլ», -ընդգծեց Մակինյանը։

 

 

  • Կիսվել: