երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումը

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումը

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձորի 25-ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ։

Մասնավորապես, լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, միջնորդել է ռուսաստանաբնակ հայ գործարարի՝ ՌԴ-ում աշխատող Լոռու մարզի մի բնակչի և նրա ընկերներին չտալ աշխատավարձ՝ այն բանի համար, որ նա վիրավորական արտահայտություն էր արել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հասցեին։

Բացի այս՝ 25-ամյա երիտասարդը, օգտագործելով իր ենթամշակութային կապերը՝ տարբեր, այդ թվում՝ ֆինանսական հարցեր լուծելու նպատակով հեռախոսային կապի միջոցով կազմակերպել է «կոնֆարենս հավաքներ», օնլայն հավաքներ՝ ներգրավելով նաև կալանավայրերում պատիժը կրող դատապարտյալների։

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել են նաև փաստական տվյալներ, որ 25-ամյա երիտասարդը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներին իրացնելու նպատակով ձեռք է բերել թմրանյութ։ Նա թմրամիջոցը տվել է մեկ այլ անձի, որն այն տեղադրել է պոլիկլինիկայի սանհանգույցում, որտեղից թմրանյութը պետք է վերցներ բուժական նպատակներով պոլիկլինիկա բերված մի կալանավոր։ Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր այս գործողությունն ավարտին չի հասնում։

Իրապավահները ձեռնարկում են միջոցառումներ ենթամշակութային օնլայն հավաքներին մասնակից այլ անձանց ինքնությունները և հանցավոր գործունեությանը նրանց մասնակցության չափը պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: