երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել

Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ հանրությանն առավելապես «Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել։

«Քանի որ նախընթաց ժամանակահատվածում ԶԼՄ-ների բազմաթիվ գործընկերներ պարբերաբար դիմել են համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, հայտնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը:

Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթների Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:

Նշենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ ՍԴ որոշումից հետո առաջին ատյանը արդարացրել էր երկրորդ նախագահին և մյուսներին՝ սահմանադրական կարգի տապալման դրվագով։ Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը նույնպես անփոփոխ էր թողել Սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել։

  • Կիսվել: