կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պրոֆեսիոնալ դատավորն անկախ դատավոր դառնալու լավագույն գրավականն է․ համոզված է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահը

Պրոֆեսիոնալ դատավորն անկախ դատավոր դառնալու լավագույն գրավականն է․ համոզված է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահը

Հայաստանի համար չափազանց կարևոր է ունենալ պրոֆեսիոնալ դատավորներ, որոնց գործունեությունը կգնահատվի պատշաճ եղանակով, որովհետև պրոֆեսիոնալ դատավորն անկախ դատավոր դառնալու լավագույն գրավականն է։

Այդ կարծիքը Երևանում դատավորների գործունեության գնահատման վերաբերյալ աշխատաժողովում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Մեր հանձնաժողովում չափազանց կարևորում ենք արդարադատության որակի անընդհատ բարձրացման հիմնահարցը։ Դատավորների գնահատման համակարգի ներդրումը չափազանց կենսական դերակատարում կարող է ունենալ ՀՀ-ում արդարադատության որակի բարձրացման գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ դեպքերում քննադատությունը դատական իշխանությունից նույնիսկ նախկինում ոչ այնքան գալիս էր կոռուպցիոն ռիսկերից, որքան դատավորների պրոֆեսիոնալ գործունեության աստիճանից։ Եթե անձը հնարավորություն ունի իրականացնել պրոֆեսիոնալ արդարադատություն, ապա վաղ թե ուշ այդ դատավորի անկախության աստիճանը բարձրանում է»,- ասաց Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ դատական իշխանությունը մշտապես ունենալու է բարեփոխումների կարիք, ինչն ակնհայտ է, քանի որ հասարակությունը ձևավորվում է ու զարգանում, ուստի դրան զուգահեռ անհրաժեշտ է լինում բարեփոխել նաև դատական համակարգը։

«Հիմնական բողոքները գալիս են դատական իշխանության այն հատվածից, որ գործերի քննությունը բավականին երկար է, ինչը պայմանավորված է դատավորների խիստ և օբյեկտիվ ծանրաբեռնվածությամբ։ Կառավարության և այլ մարմինների մեր գործընկերների հետ փորձում ենք անել այն ամենը, որ այդ ծանրաբեռնվածությունը նվազի։ Բաց դրա հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք օբյեկտիվ ծանրաբեռնվածության պարագայում չունենք սուբյեկտիվ էլեմենտներ։ Այսօր ոչ այնքան օբյեկտիվ պատճառներով որոշ դատավարություններ հետաձգվում են։ Եթե դա պայմանավորված է օրենսդրության թերություններով, ապա պետք է դրանք վերացնենք հրատապ եղանակով»,- ասաց Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ շատ խոսակցություններ են ունեցել դատարանների բեռնաթափման հարցի շուրջ, և մոտեցումն այն է, որ դատավորը պետք է շարունակի մնալ ծանրաբեռնված, սակայն նա երբեք չպետք է ծանրաբեռնվի այնպիսի գործերով, որոնց համար անհրաժեշտ չեն դատավորի որակներ։

«Դատավորն, ըստ էության, պետք է լծվի գործի բովանդակային քննարկումներին, հակառակ դեպքում ունենալու ենք շատ ավելի ֆորմալիստական մոտեցում դատական իշխանության վերաբերյալ։ Շատ եմ կարևորում բարեվարքության համակարգի ներդրումը, ինչից հետո դատական իշխանությունում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Ըստ այդմ՝ դատավորը պետք է լինի բարեվարք, նրա կերպարը լուրջ վերափոխման կարիք ունի։ Արդյո՞ք անկախությունից ի վեր փորձել ենք մեր հասարակության մեջ ձևավորել դատավորի դրական կերպար, ով իրականացնում է արդարադատություն, առանց որի արդար Հայաստան պատկերացնել հնարավոր չէ։ Ցավոք, ՀՀ-ում ավելի շատ քրեական ենթամշակույթով լցված հեռուստաֆիլմեր էին տարածվում, քան ֆիլմեր, որոնցում դրական կներկայացվեր դատավորի կերպարը։ Դատավորի դրական կերպարի բացակայությունը նաև մասմեդիայում որոշ չափով փոխկապակցված է այն իրողության հետ, թե ինչպես էր դատական իշխանությունը նպաստում այդ կերպարի ձևավորմանը»,- ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը։

Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ-ում կան բազմաթիվ պարկեշտ դատավորներ, ովքեր կարող են հավակնել ցանկացած միջազգային դատական ատյանի դատավոր դառնալուն։ Նա հավելեց նաև, որ դատական իշխանության մեջ կային անձինք, ովքեր պատահական էին հայտնվել արդարադատության համակարգում։

«Ես այս և նախորդ գումարման Ազգային ժողովում ստանձնել եմ դատավորների օմբուդսմենի պարտավորություններ և շարունակելու եմ դրանք կրել, բայց մենք չափազանց կարևոր դերակատարություն պետք է տանք դատական իշխանության ինքնամաքրման գործընթացին։ Մեր միջազգային գործընկերները պարբերաբար անդրադառնում են այն հարցին, թե ով ինչպես պետք է հարուցի կարգապահական վարույթները դատական իշխանության նկատմամբ։ Մենք պարբերաբար ստանում ենք քննադատություններ առկա մոդելի վերաբերյալ։ Դրան զուգընթաց միջազգային բոլոր գործընկերներն ըմբռնմամբ են մոտենում, երբ ասում ենք, որ ցավոք, դատական իշխանությունը դեռ չի հասունացել այն մակարդակի, որ կարողանա ինքնուրույն եղանակով, բացառելով կորպորատիվիզմի ցանկացած դրսևորում, իրականացնել այնպիսի աշխատանք, որը թույլ կտա մեզ և գործադիր մարմնին մասնակցություն չունենալ ինքնամաքրման գործընթացին»,- ասաց Վարդանյանը։

Նա շատ կարևորեց նաև նոր տեխնոլոգիաների օգտագործումը, սակայն հորդորեց խուսափել այնպիսի իրավիճակից, երբ արհեստական բանականությունն է իրականացնում արդարադատություն, ինչը վտանգավոր է, մանավանդ որ շատերը փորձում են արհեստական բանականության այս կամ այն գործիքն օգտագործել առօրյա պրակտիկայում։

«Այստեղ չափազանց կարևոր է ապահովել և՛ արդարադատական, և՛ բարոյական, և՛ իրավական կողմերը, որպեսզի կարողանանք 21-րդ դարի էական զարգացումները տանել առաջ։ Չափազանց կարևոր է նաև ապահովել դատավորի անկախությունը  օրենսդիր և գործադիր մարմիններից, որպեսզի որևէ ապօրինի ճնշում դատավորների վրա չլինի։ Դատական իշխանության ներսում ևս կարևոր է դատավորի անկախությունը, սակայն դատավորը որևէ առումով չի կարող անկախ լինել օրենսդրությունից և Սահմանադրությունից»,- եզրափակեց Վարդանյանը։    

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցն իր հերթին նշեց, որ 2018 թվականից հետո դատական համակարգում ինքնամաքրման գործընթացը բավականին լուրջ արդյունքներ է գրանցել և այն շարունակվելու է, եթե լինեն որոշակի դրսևորումներ։

«Ներկայացված ծրագիրը շատ կարևոր է։ Մենք դատավորներից ակնկալում ենք արդարադատության իրականացում, բայց դեռ չենք կարող ասել, որ նրանք ունեն արդար համակարգ իրենց համար, իրենց գնահատման համար։ Հուսով ենք, որ աշխատաժողովի ընթացքում հնարավոր կլինի գտնել օպտիմալ լուծումներ դատավորների համար, որոնք կընդգրկվեն գնահատման համակարգում։ Օբյեկտիվ լինելով՝ պետք է փաստել, որ առկա համակարգն ամբողջությամբ չի արտացոլում այն ակնկալիքները, որոնք ուզում ենք ունենալ, հստակ իմանալ՝ դատավորներն ունեն մենեջմենթի խնդիր, որ չեն կարողանում արդյունավետորեն բաշխել ռեսուրսներն ու ժամանակը, թե՞ իսկապես բախվում են ծանրաբեռնվածության խնդրի հետ։ Շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով կարողացել ենք 2022 թվականից քայլ առ քայլ լուծել դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը։ Վերջերս ԱԺ-ն ընդունեց Դատական վարչարարության օրենսգիրքը, և մենք շուտով կտեսնենք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ դատական ծանրաբեռնվածության թեթևացման արդյունքները։ Քաղդատարանն արդեն իսկ զգում է բարիքները, շուտով կզգան նաև քրեական և վարչական դատարանները»,- ասաց ԲԴԽ խորհրդի անդամը։    

  • Կիսվել: