հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանության վարչական շենքերի մուտքերում և ելքերում,  հարցաքննությունների սենյակներում տեսագրող սարքեր կտեղադրվեն

Ոստիկանության վարչական շենքերի մուտքերում և ելքերում, հարցաքննությունների սենյակներում տեսագրող սարքեր կտեղադրվեն

Կառավարությունը այսօր ընդունեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես  նաև ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում  տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է:

Ոստիկանության մասին օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:

Նախագծի համաձայն՝ նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի:

  • Կիսվել: