չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ինչ խաղի կանոններ հաստատում եք, մենք խաղում ենք, պատկերացնո՞ւմ եք ստիպողաբար 10-ից ավելի ՄՌՏ են մտցրել․ Գագիկ Խաչատրյան

Ինչ խաղի կանոններ հաստատում եք, մենք խաղում ենք, պատկերացնո՞ւմ եք ստիպողաբար 10-ից ավելի ՄՌՏ են մտցրել․ Գագիկ Խաչատրյան

Քրեական գործի շրջանակներում ես ներկայացել եմ քննիչի առաջին իսկ զանգից՝ վիրահատությունից հետո, ներկայացել եմ երկու պատճառով․ առաջինը, որ ապացուցեմ դատարանին, նախաքննական մարմնին՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«Ներկայացել եմ այն պայմանով, որ ես նորից կգնամ, կշարունակեմ բուժումս։ 2015-2016 թվականներից 4 վիրահատություն եմ անցել, եւ գտնվել եմ Ֆրանսիայի ու Գերմանիայի բժիշկների հսկողության տակ։ Դատավարության ընթացքում պարզ տեսանք՝ ինչ է կատարվում։ Իրավական բլոկի կողմից կանխատեսելի վկաները չէին ներկայանում։ Կարող եք ուսումնասիրել, թե քանի նիստի եմ ներկայացել 39 աստիճան ջերմությամբ։ Քրեական վարույթով ինձ համար հասկանալի է մոտեցումները, խնդիրները»,- նշեց նա։

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ ՊԵԿ նախկին նախագահն ասաց․ «Առողջական թեմաներով ինձ համար անհասկանալի է, թե ինչի են ձգտում, ի՞նչն է նպատակը։ Դատաբժշկական փորձաքննություն եք նշանակում, որ չեք կարդում։ Եթե դատաբժշկական հանձնաժողովը ամիսներ շարունակ եռաստիճան ստուգումների տակ իրականացնում է 2-3 փորձաքննությունների փոխարեն 10-20 փորձաքննության է ենթարկում, որից հետո գրում է եզրակացություն, որը արժեք չի ունենում, ինչո՞ւ եք ուղարկում բժիշկներին, եթե չեք կարդում, կամ եթե կարդում եք, հետեւություն չեք անում․ իմաստը ո՞րն է, ձեր նպատակը ո՞րն է»։

Անդրադառնալով իր գործով դատական նիստերի ձգձգմանը, եւ գործով մեղադրող դատախազի դժգոհություններին, Խաչատրյանն արձագանքեց․ «Ասում եք՝ ձգձգումներ, 60-ից ավելի նիստերին ո՞վ է ներկայացել։ Երկրորդ օրինակը բերեք այսպիսի դատավարության, որ այսքան արագ տեմպերով գնում է։ Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որ մասնակցեմ նիստերին: Ինչ խաղի կանոններ հաստատում եք, մենք խաղում ենք, պատկերացնո՞ւմ եք ստիպողաբար 10-ից ավելի ՄՌՏ են մտցրել դիտավորյալ»։

Նշենք, որ այսօրվա նիստին Գագիկ Խաչատրյանը դատարան է ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

  • Կիսվել: