կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մեղադրական եզրակացությունը հաստատման ենթակա չէր, չկա հանցագործություն»․ Գագիկ Խաչատրյանի որդու փաստաբանը միջնորդեց

«Մեղադրական եզրակացությունը հաստատման ենթակա չէր, չկա հանցագործություն»․ Գագիկ Խաչատրյանի որդու փաստաբանը միջնորդեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, եղբորորդու՝ Արամ Սուրենի Խաչատրյանի, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանի, բանկերից մեկի վարորդ Աշոտ Պապիկյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։

Դատական նիստի մեկնարկին Արտյոմ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, մեղադրական եզրակացությունները չեն համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին։

«Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն նշվում է, թե ինչ կարգով պետք է կազմվի մեղադրական եզրակացությունը, ըստ որի, եզրակացության նկարագրական մասում շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը եւ հիմքը։ Այսինքն՝ դա պետք է պարտադիր նշվի մեղադրական եզրակացության մեջ։ Փորձելով տպավորություն ստեղծել, թե մեղադրական եզրակացության այս պահանջը պահպանվել է, մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացության մասում նշել է հետեւյալը․ «ՊԵԿ իրավասու անձնանց կողմից անզգուշությամբ ծանր հետեւանքների առաջացման, զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու համար որպես առիթ եւ հիմք են հանդիսացրել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա վերոնշյալ դեպարտամենտի օպերլիազորի 2019 թվականի հունվարի 24-ին ներկայացված զեկուցագրի համաձայն՝ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալները»։ Մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացությունում չի հստակեցրել կամ չի տարանջատել, թե որն է այս քրեական գործը վարույթ հարուցելու առիթն ու հիմքը։ Չնայած ձեւակերպումներին նույնիսկ անհնար է քրեական վարույթ նախաձեռնելու համար առիթ կամ հիմք գտնելը»,- նշեց փաստաբանը։

Սարգսյանի խոսքով՝ մեղադրական եզրակացության նկարագրական մասում չի շարադրվել քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի մասին․ «Այնտեղ ընդհանրապես չկա նշում՝ հանցագործության հատկանիշների վերաբերյալ բավարար տվյալների համակցության մասին։ Մեղադրանքում գրված է, որ դուք հարկերից խուսափել եք կոնկրետ այս չափի, եւ այս գումարն առաջացել է այս հարկերի խուսափումից, որը լվացում է իրականացվել, օրինականացրել եք, հիմա մենք ասում ենք՝ ոչ, կհերքվի, եթե ստուգեք փաստերը։ Մեղադրական եզրակացության մեջ եթե այդ ամենը վերլուծվեր, ապա քննիչի կողմից հավանական է, որ մեղադրականը չէր կարող հաստատել, որովհետեւ կտեսներ, որ այն, ինչը դրվում է մեղադրանքի հիմքում եւ այն, ինչը հակափաստարկն է, ապա դա հաստատման ենթակա չկա, որովհետեւ այստեղ չկա հանցագործություն։ Չես կարող 5 տարի քննել, պարզել, որ հարկերից խուսափել են, թե՝ ոչ, հետո ասես՝ չէ բավարար չէ, որ հարկերից խուսափել ես, մի հատ էլ փողերի լվացում ես կատարել»։

Գործով մեղադրող դատախազն էլ իր հերթին առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ համապատասխանում է 202-րդ հոդվածին։

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ նշելով, որ դա այս փուլում քննարկման առարկա չէ, այն վերաբերում է վարույթի օրինականությանը։

Փաստաբանն էլ առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ պնդելով, որ դատաքննությունն անարդար է տեղի ունենում՝ ի սկզբանե։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է փողերի լվացմանը, պաշտոնեական լիազրությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացմանն օժանդակելուն։

  • Կիսվել: