երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հրթիռների գործով մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում». Արտակ Դավթյան

«Հրթիռների գործով մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում». Արտակ Դավթյան

1 տարի է՝ հրթիռների գործըդատարանում է, բայց, ըստ էության, տեղաշարժեր չկան, չեն հրավիրվել վկաները։ Համենայնդեպս, հունվարի 10-ի դրությամբ իրավիճակն այդպիսին էր:

Գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կամ նրա փաստաբանական խումբը ժամանակ առ ժամանակ հայտարարություն են տարածում դատական նիստերի հետաձգումների, ձգձգումների, քրեական գործի շինծու լինելու վերաբերյալ:

Հրթիռների գործով անցնում է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ուստի 168.am-ը փորձեց նրանից ճշտել՝ ինչպե՞ս է գնահատում դատական գործընթացը:

– Հրթիռների գործով դատական նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել են՝ դատավորների և մեղադրող կողմի գերզբաղվածության, դատավորի հերթապահության պատճառաբանություններով, եղել են տեխնիկական խնդիրներ: Գործով անցնող և կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս ամենում դիտավորություն է տեսնում։ Այսինքն, ըստ նրա, դատարանը փորձում է շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխել: Ինչպե՞ս եք Դուք գնահատում դատական գործընթացը, նիստերի հետաձգման փաստերը, դրանք արհեստակա՞ն են ձգձգվում: Դուք և Ձեր փաստաբանական թիմը հայտարարություններ չեք անում, պասիվ եք՝ ի տարբերություն Դավիթ Տոնոյանի և նրա թիմի, երբեմն էլ գործով անցնող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի փաստաբաններն են ինչ-որ բաներ ասում լրատվամիջոցներին:

– Նիստերն ընթանում են, վերջերս ձգձգումներ եղան հիմնականում տեխնիկական պատճառներով՝ հոսանք չլինելու, հետո այնտեղ պիտի ինչ-որ բաներ նայեինք, տեխնիկական միջոցները չաշխատեցին (ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները։- Մ.Պ), մեկ օր էլ այդ պատճառով ձգվեց: Չասեմ՝ արհեստական են դատական նիստերը ձգձգվում, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան: Դա յուրաքանչյուրը յուրովի է գնահատում:

– Իսկ հրթիռների գործի մասին, առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք, ինչպե՞ս եք գնահատում այն:

– Մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում և մինչև վերջ կներկայացնենք մեր տեսակետները: Մենք բոլորս, ովքեր անցնում ենք այս գործով, համարում ենք, որ այնպիսի բան չենք արել, որը հակասում է օրենքներին, կամ ի նպաստ չի եղել մեր զինված ուժերի զարգացմանը: Դատարանում ընթանում է գործի քննությունը: Փորձելու ենք ապացուցել՝ ինչ որ արվել է, արվել է օրենքի սահմաններում և ի նպաստ մեր պետությանը:

– Պարոն Դավթյան, Դուք ժամանակին և երկար տարիներ զբաղեցրել եք Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը, արդեն մոտ 10 օր է՝ թափուր է այսօր արդեն ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Նորմա՞լ է, երբ նման կարևոր պաշտոնը 10 օր թափուր է ստեղծված պայմաններում:

– Ես ի՞նչ մեկնաբանեմ, նույն տրամաբանությամբ երկար ժամանակ թափուր էր ԳՇ պետի պաշտոնը, հետո ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Ընդհանրապես նորմալ չեմ համարում, բայց նշանակողներին և ազատողներին պիտի հարցերն ուղղեք, ովքեր զբաղվում են այդ գործերով:

– Նաև Ձեզ ենք ուղղում, որովհետև օպերատիվ վարչության պետ եք եղել, վարչության խնդիրներին ծանոթ եք:

– Բնական է՝ ցանկացած պաշտոն, որ թափուր է, նորմալ չէ: Իսկ գլխավոր պաշտոնները Զինված ուժերում ցանկալի է, որ լինեն համալրված:

  • Կիսվել: