Թրամփը ոչ միայն դավաճանել է Իրանին, այլև խաբել է սեփական ժողովրդին. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ԱՄՆ ագրեսիային, հայտնում է Mehr-ը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն դավաճանել է Իրանին, այլև խաբել է սեփական ժողովրդին»,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
Ըստ նրա, Իրանը «բախվել է ԱՄՆ ագրեսիային և խստագույնս դատապարտում է այդ ագրեսիան»։
«Այս հարձակումը համարվում է միջազգային իրավունքի և Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում։ Թրամփը զիջել է հանցագործի պահանջներին։ ԱՄՆ-ն դիվանագիտական չէ և հասկանում է միայն ուժի ու սպառնալիքի լեզուն։ Նրանք ցույց տվեցին, որ չեն հարգում միջազգային խարտիան ու միջազգային իրավունքը և չեն պահպանում դրանցից որևէ մեկը»,- Աբբաս Արաղչիի խոսքն է մեջբերում իրանական լրատվամիջոցը։
Ըստ Իրանի ԱԳ նախարարի, ԱՄՆ-ի գիշերային հարձակումները ցույց տվեցին, որ «սիոնիստական ռեժիմը չի հասել Իրանի վրա հարձակվելու իր նպատակներին և այժմ գտնվում է դժվարին իրավիճակում, իսկ Ամերիկան ձգտում է աջակցել այդ ռեժիմին և նրա առաջնորդներին»։
«Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասի չափը կարևոր չէ։ Կարևորը հարձակման էությունն է։ Մենք չենք կարող անտեսել այս հարցը»,- ասել է նա։
«Բանակցությունների դուռը միշտ պետք է բաց մնա, բայց հիմա այդպես չէ։ Իմ երկիր են ներխուժել, և մենք պետք է պատասխանենք»,- նշել է Աբբաս Արաղչին։
Նա հրաժարվել է հայտնել, թե ինչ կձեռնարկի Իրանն ի պատասխան ամերիկյան հարձակման։
Ընդ որում, ըստ Իրանի ԱԳ նախարարի, Թեհրանը դեռևս հաղորդագրություններ է ստանում ամերիկացիներից։
«Մենք կպատասխանենք այդ հաղորդագրություններին, եթե դա անհրաժեշտ լինի։ Մենք առջևում բազմաթիվ ուղիներ ունենք»,- ասել է նա։
Ընդ որում, Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «երբեք չի վստահել արևմտյան երկրներին, նույնիսկ նրանց հետ երկխոսության և բանակցությունների ժամանակ»։
«Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ և հասկանալի պատճառներ, որոնք ուժեղացնում են այդ անվստահությունը»,- եզրափակել է նա։


