Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին
«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։
Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։
Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել էր դատարան՝ վիճարկելով ակումբի գործողությունների օրինականությունը։
«Սա կարևոր և նախադեպային որոշում է։ Ակումբը պատժվում է ֆուտբոլիստի կամայական և անարդար հեռացման համար։ Ադրիենի դեմ այն ժամանակվա պատժամիջոցները բացարձակապես անհիմն են եղել»,- ասել է Ռաբյոյի ներկայացուցիչը։
Դատարանը որոշել է, որ ակումբը խախտել է պայմանագրով սահմանված պարտավորությունները։