երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գրիգորի Խաչատուրովը կապ չունի գույքն օտարելու հետ, այն ձեռք է բերել նրա ընկերը, մեղադրանքն անհիմն է․ պաշտպան

Գրիգորի Խաչատուրովը կապ չունի գույքն օտարելու հետ, այն ձեռք է բերել նրա ընկերը, մեղադրանքն անհիմն է․ պաշտպան

Երեկ՝ ժամը 20․10-ի սահմաններում, Գրիգորի Խաչատուրովը որպես մեղադրյալ ձերբակալվել է և ներկայացվել է դատարան, որպեսզի քննարկվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«12+12 ռեժիմով է հարցը քննվելու, այսինքն 12 ժամում պետք է միջնորդություն ներկայացվեր, հետո 12 ժամվա ընթացքում որոշում կայացվեր»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գրիգորի Խաչատուրովի գործն առնչվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկի հետ։

«Ըստ էության նույն գործն է, մեղադրանքը առնչվում է փողերի լվացմանը, բայց ԱԺ-ում ներկայացված դեպքի հանգամանքների հետ առնչություն չունի։ Այնտեղ խոսքը գնում է պաշտոնական դիրքն օգտագործելով պատճառված վնասի մասին, իսկ Խաչատուրովի դեպքում խոսքը գնում է այդ օտարված գույքերից մեկը ձեռք բերելու մասին, ինչը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց Ենոքյանը՝ միաժամանակ նշելով, որ այս գործն ունի վաղեմության ժամկետ։

«Ըստ մեղադրանքի՝ այն 14 տարի ու մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում գործի վաղեմության ժամկետը 15 տարի է։ Գույքը ձեռք բերողը Էդգար Արշակյանն է, ով Գրիգորի Խաչատուրովի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում, առնչությունն այսքանով է, բայց ինքը՝ Խաչատուրովը, որևէ առնչություն չունի գույքը ձեռք բերելու հետ, մեղադրանքն անհիմն է»,- ասաց փաստաբանը։

Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի տարածքում գտնվող զորամասի մասին է:

Ճշտող հարցին՝ եթե նա առնչություն չունի գույքի հետ, ապա ինչպե՞ս է գույքի գրավադրում կատարել, Ենոքյանն ասաց.

«Այդ 18 միլիոն վարկային գիծը տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, այսինքն՝ Վանաձորում Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով վարկային գիծ է տրամադրված եղել 18 միլիոնի: Հետո այս գույքը որպես գրավի լրացուցիչ միջոց պահանջվել է բանկի կողմից: Դա չի կարող որակվել որպես փողերի լվացում»:

Վերջինս հայտնեց նաև, որ հնարավոր չի եղել Խաչատուրովին փոխանցել իրեն անհրաժեշտ որոշ դեղամիջոցներն ու սնունդ. «Ես Մարդու իրավունքների պաշտպանին զանգել եմ, էական արձագանք չեղավ, ոչ մարդ եկավ, ոչ էլ այդ հարցը լուծվեց»:

  • Կիսվել: