ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոչ մի փաստական տվյալ չկա, որ կատարվել է հանցագործություն. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան

Ոչ մի փաստական տվյալ չկա, որ կատարվել է հանցագործություն. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան

Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատախազություն, դատախազությունը հաստատել է  մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան նախնական դատասլումների համար։ Այս մասին այսօր մամուլի սուլիսի ժամանակ նշեց փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Այս բոլոր մարմինները՝ ԱԱԾ քննչական  ծառայությունը, գլխավոր դատախազությունը, մեղադրական  եզրակացությունը հաստատող դատախազը, ապագայում նաև դատարանը երբևիցե իրենց տրամադրության տակ չեն ունենալու մեզ բոլորիս համար հայտնի քրեական գործ  հասկացողությունը։ Այստեղ  քրեական գործի, քրեական վարույթի մասին խոսել, գործողությունների մասին խոսել, որոնք  քրեաիրավական իմաստով հետևանք են առաջացնում կամ որոշակի պատասխանատվություն, տեղին չէ, քանի որ ամբողջ քրեական նյութերում չկա ոչ մի փաստական տվյալ այն մասին, որ ոչ թե Գրիգորի  Խաչատուրովն ինչ-որ հանցանք չի կատարել կամ ապացույց չկա, որ վերջինս կատարել է, ընդհանրապես, այս  դրվագով՝ հողամասերի ձեռքբերման, ձեռքբերողների հետ կապված,  ոչ մի տվյալ չկա, որ կատարել են  իրենք հանցագործություն»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ այս գործով մի տեղ սուտ են ասում, որոշակի ժամանակ հետո սուտը բացահայտվում է, իրենց կոնկրետ  հարցադրում է ուղարկվում, թե ինչո՞ւ են ստել, երկրորդ սուտ են ասում՝ հերքելով երկու ամիս առաջ իրենց կողմից ենթադրյալ ներկայացրած սուտը։

«Ընդհանուր առմամբ, քրեական գործն այս ամեն ինչի շրջանակում է։ Քրեական գործի որակն այս է՝ երկրի գլխավոր դատախազի մակարդակով կամ սխալ են զեկուցում, զեկուցողներն ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ են զեկուցում, կամ դիտավորյալ կեղծիքներ,  մանիպուլյացիաներ, սուտ տեղեկություններ են հաղորդում, այդ միջոցով իրենց այլ նպատակներն իրականացնելու համար։ Ես այս ամեն ինչի մեջ իրավաբանություն, դատավարական ընթացակարգեր չեմ տեսնում»,- ասաց փաստաբանը:

Միհրան Պողոսյանի խոսքով, դատական իշխանության պաշտոնական տեղեկագրի համաձայն, դռնփակ դատական նիստեր են տեղի ունենալու։ Նրա խոսքով, որևէ նորմ չկա, որ նախնական դատալսումներն իրականացվեն դռնփակ:

«Գործի՝ Գրիգորի Խաչատուրովին վերաբերելի մասում, որը 12 հատոր է,  որևէ գաղտնի տեղեկատվություն չկա, սովորական նյութեր են: Այս ամեն ինչում տեսնում ենք դիտավորություն։  Վարույթ նախաձեռնող մարմինը՝ ԱԱԾ քննչական  մարմինը, դատախազությունը, հիմա էլ դատարանը, այս մանիպուլյացիաները, ստերը հանրային դաշտում չբացահայտելու համար դռնփակ են անում»,- նշեց պաշտպանը։

Նա ասաց, որ այս ամբողջ դիտավարությունն ունի իր պատճառը, թե ինչու է այս ամեն ինչն այսպես կատարվում։ «Այստեղ իրավաբանություն հետ առնչություն չունենք, զուտ  անձնական պրոցես է իրականանում Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։ Նա կալանավորվել է մարտի 16-ին։

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։

  • Կիսվել: