հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը հրապարակվի վաղը

Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը հրապարակվի վաղը

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծնողի՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը հրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ, ի տարբերություն շատ ուրիշ դեպքերի, ցանկություն կա հրապարակելու ամբողջական որոշումը, այլ ոչ թե միայն եզրափակիչ մասը։ Բացի այդ, երեկ շատ հագեցած ու ծավալուն նիստ է եղել, ինչը ևս կարող է որոշումն ուշ հրապարակելու պատճառ հանդիսանալ։

«Ընկալելի է, բայց ամենևին ոչ ցանկալի։ Բայց ստիպված են դատարանի որոշումն ի գիտություն ընդունել և հիմք ընդունել, որ հրապարակվելու է վաղը ժամը 15։00-ին», - հավելեց նա։

Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ իրենք վերահաստատել են իրենց հիմնական պնդումը, որ կալանք, առհասարակ, չկիրառվի, անձն ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների։

«Նաև պատրաստակամություն հայտնեցինք մեր կողմից նշված խափանման 4 միջոցների առանձին կամ համակցության մեջ կիրառմանը՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, երաշխավորություն։ Դատարանին խնդրեցինք այդ բոլորը դիտարկել։ Քննիչը, ցավոք, չէր փոխել իր դիրքորոշումը և առարկեց նույնիսկ տնային կալանքին», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով Գայանե Հակոբյանի առողջական վիճակին, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ գիշերվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, սակայն հետո կարգավորվել է։ Հարցին՝ արդյոք Գայանե Հակոբյանը շարունակում է հացադուլը, փաստաբանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ այլ տեղեկություն չունեն։

  • Կիսվել: