հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե 2013-ին դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա համատարած ուշացումներն են. Անդրեասյան

Եթե 2013-ին դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա համատարած ուշացումներն են. Անդրեասյան

ԲԴԽ անդամը միայն մի անելիք ունի՝ քվեարկել արդար: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:

«Չեմ գնում, որ հայեցակարգային կամ քաղաքականություն մշակող կամ որևէ օրենսդրություն մշակող դերակատարում ստանձնեմ: Պարզ է, իմ կարծիքը նաև ազդելու է այդ գործընթացների վրա, բայց դա էլ է քվեարկության ձևով լինելու: Հիմնական հարցը հետևյալն է` դատավորին քրեական պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ չենթարկել: Առաջին բանը, որ պետք է անի ԲԴԽ անդամը, նման դեպքերում արդար քվեարկելն է:

ԲԴԽ-ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա: Գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն»,- ասաց նա:

Անդրեասյանն անդրադարձավ նաև դատական ոլորտում առկա խնդիրներին:

«Եթե 2013 թվականին դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա համատարած ուշացումներն են: Եթե կաշառակերության համար կարելի էր մեղադրել հատկապես դատավորներին, հիմա այս խոցի համար չես կարող մեղադրել հատկապես դատավորներին: Շատ հաճախ դատավորներն էլ են այս խոցի համար զոհ: Դատավորներն այնպիսի խայտառակ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, որ շատ հաճախ իսկապես օբյեկտիվ են նրանց ուշացումները»,- ասաց նա:

Բայց միաժամանակ Անդրեասյանը նշեց, որ պետք է տարբերակել, թե որն է գերծանրաբեռնվածությունից բխած ուշացումը, և որը՝ սուբյեկտիվիզմից բխած կամ կոռուպցիոն բնույթի ուշացում:

«Լինում են առանձին դեպքեր, երբ դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք, իրենց շահագրգռվածություններից ելնելով կարող են առաջ գցել ինչ-որ մեկի գործ կամ դիտավորյալ ձգձգել այն, ինչը կարող էին չձգձգել»,- ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: