չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ես գործում եմ օրենքի սահմաններում. Գագիկ Խաչատրյան (տեսանյութ)

Ես գործում եմ օրենքի սահմաններում. Գագիկ Խաչատրյան (տեսանյութ)

Ես խնդրում եմ, որ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«Ես ինքս գործում եմ օրենքի սահմաններում, ես պետական որեւէ կառույցի հետ երբեք չի եղել, որ օրենքը խախտեմ։ Խնդրում եմ՝ սահմանափակել։ Դատական պրոցեսը կգնա, վերջում կգնահատեք»,- իր խոսքում նշեց Խաչատրյանը՝ նկատի ունենալով գործով մեղադրող դատախազի կողմից հնչեցված հայտարարությունները։

Նշենք, որ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցով այժմ հրատապ դատական նիստ է գումարվել։ Մեղադրող կողմը գտնում է, որ Խաչատրյանն անհիմն պատճառաբանությամբ չի ներկայանում դատարան։ Այդ հիմնավորումներին ի հակադրություն՝ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ պնդում է, որ ոչ միայն հիմք չկա իր պաշտպանյալին կալանավորելու, այլ նաև Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, և վիրահատության նպատակով դատարանը պետք է թույլ տա նրան՝ մեկնել արտերկիր։

Նշենք, որ Խաչատրյանը դատարան է ներկայացել շտապօգնության ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

  • Կիսվել: