երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատավորնե'ր, եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ժամանակը. Մինասյան

Դատավորնե'ր, եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ժամանակը. Մինասյան

Սա ուղերձ է։ Ուղերձ է նաև քաղաքացիներին, որով քաղաքական մեծամասնություն...

Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քվեարկությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը, միջազգային ասպարեզին անհայտ նորարարության դրսևորման արատավոր լավագույն փորձով, բոյկոտեց այդ ընտրությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

 «Սա նոնսենս է, քաղաքական անտրամաբանություն է, երբ որ իշխանությունը բոյկոտում է  իր իսկ սահմանադրական  պարտականության կատարումը՝ չտալով որևէ հիմնավորում, որևէ փաստարկ։

Սա ուղերձ է։ Ուղերձ է նաև քաղաքացիներին, որով քաղաքական մեծամասնությունն ասում է՝ այն, ինչ իր սրտով չէ, այն անձը, որը  իրենց թրի տակով չի անցել, կամ այն անձը, որը կփորձի ցուցաբերել որոշակի համարձակություն, օբյեկտիվություն առաջանորդվել օրենքի գերակայությամբ, սահմանադրությամբ, այդ անձը տեղ չունի պետական համակարգում, ավելին՝ սահմանադրական արդարադատության համակարգում։ Սա ուղերձ է այն մասին, որ եթե մենք ուզում ենք որևէ մեկին բերել, ուրեմն ամեն ինչ անելու ենք, որ բերենք։

Այս մեծամասնությունն էր, որ Դավիթ Խաչատուրյանին ընտրում էր ԲԴԽ անդամ, հետո շատ կարճ ժամանակամիջոցում փոխեց նրա պաշտոնը, տեղափոխեց Վճռաբեկ դատարան, որպեսզի հիմա էլ բերի ու նշանակի ՍԴ դատավոր։ Սա է երեկվա քաղաքական մեծամասնության, ըստ էության, բոյկոտի շարժառիթը»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությանն այս քայլն ուղղերձ էր նաև դատավորներին. «Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել էր Դավիթ Բալայանին ու ներկայացրել նրա թեկնածությունը։ Քաղաքական մեծամասնությունն արհամարհեց այս որոշումը, ասաց՝  ձեր այդ որոշումը կվերցնեք, կգնաք այլ տեղ։ Եվ ուղերձն ուղղելով նրանց՝ ասաց հետևայլը. եթե մենք չենք ցանկանում, ուրեմն դուք էլ չեք լինի։

Ըստ էության, սա է ասվել, ձեզ, հարգելի դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը։ Իշխանության այս վարքագծին պետք է արձագանքել։

Իշխանությունը փորձում է հերթական արշավանքը կազմակերպել դատավորների նկատմամբ: Դուք պետք է որոշում կայացնեք՝ ենթարկվո՞ւմ եք իշխանության բռնաճնշումներին»,- ընդգծեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Երեկ կազմակերպված փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են ԱԺ 107 պատգամավորից 32 ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել թեկնածությանը։ ՔՊ պատգամավորների չմասնակցելու հետևանքով Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր։

  • Կիսվել: