ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատարանը մերժեց Խաչատրյանի պաշտպանի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Խաչատրյանի պաշտպանի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մեկնարկել է Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստը։

Պաշտպան Երեմ Սարգսյանը ցանկանում էր կրկին միջնորդել դատարանին թույլ տալ Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով։ Դատախազ Գևորգ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հորդորելով դատարանին՝ կանխել այդ վարքագիծը։

Սարգսյանը նշեց, որ պետք է շարունակել Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունը. «Այո, ուզում են ձախողել դատական նիստը, հետևաբար, եթե պաշտպան Երեմ Սարգսյանի վարքագիծը նմանօրինակ ձևով շարունակվի, միջնորդում եմ դատական սանկցիա կիրառել նրա նկատմամբ»,- ասաց դատախազը։

Դատավորը նշեց, որ դատախազը սադրում է, ինչին Սարգսյանն արձագանքեց հեգնանքով. «Շատ անաչառ եք, շատ»։

Հավելենք, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկ հայտնեց մեղադրող կողմին, դատարանը մերժեց այն, իսկ նիստը՝ պայմանավորված ամբաստանյալի առողջական վիճակով, այսօր չի շարունակվի։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19-ին և դատավորը նշեց, որ գործով վկա Սեդրակ Առուստամյանի ներկայությունը նիստին պարտադիր է։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար։

  • Կիսվել: