երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Դատախազությունն անդրադարձել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվողի բարեկամների կազմակերպված ցույցին

Դատախազությունն անդրադարձել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվողի բարեկամների կազմակերպված ցույցին

Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից այսօր կազմակերպված ցույցին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցին, հայտնում է. «2024 թվականի նոյեմբերի 8-ին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատարան է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 7-ին:

Չանդրադառնալով քրեական գործի ամբողջ բովանդակությանը (այն հասանելի է այս հղումով), նշենք, որ ցուցարարների բարեկամ Տիգրան Մաթևոսյանը, խմբի կազմում գործող հանցակիցներ Արման Մաթևոսյանի և Լյովա Մանուկյանի հետ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի կրծքավանդակին, որի արդյունքում անչափահասՌոբերտ Ռուբենյանը մահացել է:

Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողություններով՝ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, տեսագրությունների զննություններով, փորձագիտական եզրակացություններով հիմնավորվել է մեղադրյալների հանցավոր գործողությունները, իսկ վկաների, տուժողների ցուցմունքների արժանահավատ լինելը գնահատվել է ձեռք բերված այլ ապացույցների համատեքստում, այլ ապացույցների հետ համակցության մեջ:

Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ապացուցման ենթակա բոլոր հանգամանքները, ձեռք բերված ապացույցները գնահատման են ենթարկվել վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության տեսանկյունից և դրա արդյունքում ստացված հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում մեղադրյալները ձերբակալվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, որպիսի գործողությունների իրավաչափ լինելը և ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը հաստատվել է նաև դատարանների կողմից՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդությունները քննության առնելիս»։

  • Կիսվել: