շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին նախագիծ․ կուսության ստուգումը կարգելվի

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին նախագիծ․ կուսության ստուգումը կարգելվի

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը: Մինչև ընդունումն այն բուռն քննարկման առիթ դարձավ, ընդդիմադիր պատգամավորները դեմ  արտահայտվեցին նախագծին՝ մատնանշելով նաև իրավական որոշակիության խնդիրներ, իշխող խմբակցությունից վստահեցրին, որ այն ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ կարևոր նախագիծ է:

 «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրած այն հեղինակած  Զարուհի Բաթոյանը:

Ըստ պատգամավորի՝ փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ըստ առաջարկի՝ օրենքը վերանվանվում է «Ընտանիքում և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Նախատեսվում է հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով: «Առաջարկվում է օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում»,-ասաց Բաթոյանը:

Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը՝ մասնավորապես ներառելով սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարած լինելու փաստը:

«Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը իրավական որոշակիության առումով որոշակի խնդիրներ է նկատել նախագծում: Ըստ պատգամավորի՝ նախագծի ամենակարևոր բաղադրիչներից է «զուգընկեր» գաղափարի ներմուծումն օրենքի մեջ: Կյուրեղյանը մեջբերում կատարեց նախագծից. «Զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:

Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում այդ սահմանումը՝ մատնանշելով իրավական որոշակիության խնդրի մասին: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ դա երկար քննարկված հարցերից է, դեռ քննարկման ենթակա, կարևորում են նաև պատգամավորների դիտարկումները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց, թե ինչու են նախագծում տվել «զուգընկեր» բառի սահմանումը: «Իրավապահ համակարգից մեզ եկավ ազդակ, որ, երբ մտնում են տուն ու ուզում են պաշտպանության տակ առնել բռնության ենթարկված անձին, ԶԱԳՍ-ի թղթի բացակայության պարագայում, ցավոք, այդ կանայք պաշտպանության տակ չեն կարողացել առնվել, որովհետև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նախատեսում է, որ պարտադիր է ամուսնության վկայականը: Նշանվածները, պարզապես ընկերները, որոնց մեջ առկա է սիրային կապը, մեր պաշտպանության ներքո են լինելու այսուհետ: Այս նախագիծն ունի կանխարգելման շատ կարևոր բաղադրիչ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ նախորդ տարի 14 կին է մահացել՝ ընտանիքում տեղի ունեցած բռնության արդյունքում:

 Նախագծով  բռնության տեսակ է համարվում նաև կուսության ստուգումը:

«Դուք ֆիքսում եք կուսության ստուգումը որպես հանցագործություն և դրա համար նախատեսում պատժամիջոց: Ես որևէ կերպ դա չեմ կարող ընդունել որպես դրական գործողություն: Բայց դա նաև շատ խիստ մշակութային խնդիր է: Բայց ինձ կրկին հետաքրքրում է իրավական որոշակիություն: Դատապաշտպանը ինչպես պետք է ապացուցի, որ չի կատարվել կուսության ստուգում, ի՞նչ մեխանիզմներ են աշխատելու»,-հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը:

Հարակից զեկուցող Տիգրան Պարսիլյանը պատասխանեց՝ թե ինչպես դատապաշտպանը պետք է ապացուցի, ավելի շատ նրա խնդիրն է, իրենք գործիքն են տալիս:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ի՞նչ տարբերություն նշանվածների մեջ է տեղի ունենում բռնություն, թե՞ ծանոթների մեջ, եթե քրեորեն պատժելի արարք է, ուրեմն քրեորեն պատժելի արարք է, միջանձնային հարաբերությունները գործի քննության ընթացքում լիարժեք բացահայտվում են: «Դուք արհեստականորեն ներմուծում եք ինչ-որ բաներ, որոնք հանրության մոտ լրացուցիչ կասկածների տեղիք են տալիս»,-նշեց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց՝  հասկացություն սահմանելով կամ գնահատական տալով ի՞նչ ընտանեկան արժեքներ են պաշտպանում նախագծով: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նախագիծն ընտանեկան արժեքների մասին չէ: «Ընտանեկան բռնության մենք այլ կերպ պետք է վերաբերվենք: Դա սովորական բռնության տեսակ չէ: Պատահական չէ, որ նաև օրենքով սահմանված է այն շրջանակը, թե ում ենք համարում ընտանիքի անդամներ»,-ասաց պատգամավորը՝ կարևորելով օրենքում լրացուցիչ կարգավորումները:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին այն ձևակերպումներով, որով ներկայացվել է: Ըստ նրա՝ այս հարցը արհեստականորեն է բերվում օրակարգ, որ հասարակության մեջ նոր ալեկոծություն սկսվի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հարցրեց՝ ուզում եք ասել, որ ՀՀ-ում ընտանեկան բռնություն չկա: «Ամբողջ աշխարհը տարին 2-3 անգամ այս հարցին անդրադառնում է, բոլոր հնարավոր ձևերով օրենսդրական լուծումներ են տալիս, որ հնարավորինս բացառեն»,-նշեց նա:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

  • Կիսվել: