ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՔԿ, նախաքննություն է իրականացվում

Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՔԿ, նախաքննություն է իրականացվում

Ավելի քան մեկ տարի առաջ հրաժարական տված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից միայն փոխանցում են՝ իրականացվում է նախաքննություն, գրում է «Ազատությունը»:

Կոմիտեից չեն մանրամասնում, թե գործը երբ է փոխանցվել իրենց, ինչ կարգավիճակ ունի նախկին նախագահը, արդյոք հարցաքննվել է և ինչ եզրահանգման են եկել՝ հետաքննող լրագրողների՝ անցած տարվա բացահայտման վերաբերյալ, երբ «Հետքը» գրել էր, որ Սարգսյանը նաև մեկ այլ երկրի քաղաքացի է եղել։ Խոսքը մինչև նախագահ դառնալը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին է։

Արդեն Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործը հարուցվել էր Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին ավելի քան 50 փաստաբանների բողոքի հիման վրա մոտ երկու տարի առաջ։

2018-ին Արմեն Սարգսյանի՝ նախագահ ընտրվելուց մեկ ամիս առաջ «Հետք» պարբերականը հրապարակել էր բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցրած տվյալներ, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա՝ նշելով, որ հրաժարվել է քաղաքացիությունից 2011-2012 թվականների ընթացքում:

69-ամյա Սարգսյանը նաև չէր հերքել «Հետքի» անցած տարվա բացահայտումը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու մասին։

Սահմանադրության համաձայն, նախագահը վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է լինի։

  • Կիսվել: