երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արդարադատության նախարարը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Արդարադատության նախարարը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Արդարադատության նախարարությունը սահմնված կարգով հարուցում է վարույթներ, եւ եթե դրանից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալ ԲԴԽ, իր լիազորությունների շրջանակում պաշտպանում է իր տեսակետը, որտեղ լինում են հաղթանակներ եւ լինում են նաեւ պարտություններ: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, նշանակում է նա դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կոնկրետ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են կարծիք արտահայտելու համար, արդյոք դա կամայականություն չէ, նախարարն ասաց. «Կոնկրետ այդ դեպքը կարծիք արտահայտելու շրջանակներից դուրս էր, քանի որ Դատական օրենսգիրքը սեւով սպիտակի վրա սահմանում է, որ դատավորն իրավունք չունի մինչեւ որոշում կայացնելը կարծիք, դիրքորոշում հայտնել իր կողքի դատարանի որոշման հետ կապված: Այս դեպքում Դատական օրենսգրքի կոնկրետ հոդվածներ են խախտվել»:

Հարցին, թե արդյոք սա նկատի ուներ իշխանությունը, երբ խոսում էր դատական համակարգում վեթինգի մասին, Մինասյանը պատասխանեց. «Մեր Սահմանադրությունը գլոբալ վեթինգ թույլ չի տալիս իրականացնել: Գլոբալ վեթինգը մի երեւույթ է, ալբանակն փորձը կա, որ մեկ օրում բոլոր դատավորները աշխատանքից դուրս են գալիս եւ նոր ընթացակարգերով  ընդունվում են դատական իշխանության կազմ:

Մեր դեպքում Արդարադատության նախարարությունը պարզապես իրականացնում է իր լիազորությունները: Արդարադատության նախարարությունը ստանում է դիմում կամ ինքնուրույն հայտանաբերում է որևէ խախտում, այնուհետև դատավորին հնարավորություն է տալիս իր կարծիքը արտահայտել: Եթե խախտումը էական է լինում` միջնորդություն ենք ներկայացնում ու գնում ԲԴԽ»,-ասաց նա։

Նախարարի խոսքով, այս գործով ամեն ինչ շատ հստակ է, Դատական օրենսգրքում  գրված է, որ դատավորը չի կարող իր կոլեգայի կայացրած վճիռը մեկնաբանել, քննադատել այլ դատավորի. «Այստեղ խախտում է տեսել նախարարությունը, ապա նաեւ ԲԴԽ-ն»,-ասաց Մինասյանը:

Նախարարը վստահեցրեց, որ այս հարցում որոշողը նախարարությունը չէ. «Որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով, որ որոշողը արդարադատության նախարությունն է։ Որոշումը կայացնում է ԲԴԽ–ն, որտեղ կա մեղադրող կողմ` ԱՆ–ն, և պաշտպանվող կողմ` դատավոր»,– ասաց նախարարը։

 

  • Կիսվել: