չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զարուհի Նախշքարյանը՝ ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության մասին

Զարուհի Նախշքարյանը՝ ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության մասին

Զարուհի Նախշքարյանը, որի՝ որպես դատավորի լիազորությունները վերջերս դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, մտադիր է պաշտպանել իր իրավունքները՝ ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ դիմելը։ Այս մասին տեղեկացրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը Հայաստանում դատավորների իրավունքներին նվիրված քննարկումների ժամանակ։

«Կօգտագործենք մեզ հասանելի բոլոր գործիքները, ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ դիմելը, չենք բացառում նաեւ ներպետական ատյանները՝ ՍԴ-ն, չնայած առանձնապես հույս չունենք։ Անցյալում արդեն դիմել ենք, երբ խիստ նախազգուշացում էր եղել, այն ժամանակ ՍԴ-ն պարզապես վարույթ չէր ընդունել»,- նշել է Մելիքյանը։

Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն անիրավաչափորեն լիազորություններից զրկված Նախշքարյանին, այլեւ երկրի բոլոր դատավորներին եւ անգամ հասարակությանն ընդհանրապես։ Քննարկումն սկսելով՝ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ մինչեւ հիմա, խախտելով կանոնակարգը, ԲԴԽ-ի կայքում չի հրապարակվել որոշումը դատավոր Նախշքարյանի վերաբերյալ, չնայած պետք է հրապարակվեր դեռ երկուշաբթի։ Որոշման տեքստի բացակայությունը զրկում է այն քննարկելու հնարավորությունից, բայց խոչընդոտ չէ ընդհանուր առմամբ խնդիրները քննարկելու համար, նշել է Մելիքյանը։ «Հարցերը կապված չեն միայն Զարուհի Նախշքարյանի, այլ՝ համակարգի եւ ԲԴԽ-ի ընդհանուր խնդիրների հետ։ Այն, ինչ տեղի է ունենում, դատավորների խոսքի ազատության սահմանափակման նոր գործիք է։ Զարուհի Նախշքարյանը հեղինակություն ունի, երկար տարիներ աշխատել է դատական համակարգում եւ դատավորներին եւ հասարակությանը հուզող հարցեր բարձրացնելու լրիվ իրավունք ունի։ Եթե դատավորների իրավունքները պաշտպանված չեն, չեն կարող պաշտպանված լինել քաղաքացիների իրավունքները»,- հիշեցրել է Մելիքյանը։

Իրավաբան Սիրանուշ Սահակյանը նկատել է, որ չնայած ԲԴԽ-ն ստեղծվել է դատական համակարգի աշխատանքը բարելավելու բարի նպատակով, իրականում ամեն բան հակառակն է ստացվել։ Ստեղծման պահից ԲԴԽ-ում տեղի են ունեցել փոխատեղումներ, իրավաբանների տեղը զբաղեցրել են կառավարող քաղաքական ուժի դրածոները։ Այս ամենը մտածել է տալիս այն մասին, որ պետությունն ընթանում է ոլորտի զավթման ճանապարհով, ենթադրել է Սահակյանը։ Իրավաբանը հատկապես ընդգծել է արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթների նախաձեռնման չարաշահումը։ «Ստուգվում են ակտերը, ժամկետները, դատավորների վարքը հանրային եւ ոչ հանրային վայրերում, եւ իրականացվում է հետապնդում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ նման մի բան, բայց լրիվ պաշտոնական, տեղի է ունեցել 90-ական թթ.։ Ընդ որում՝ այժմ շատ գործերում վարույթի համար առիթ է հանդիսանում զեկուցագիրը։ Դատավոր Նախշքարյանի գործով զեկուցագիրը նախարարի մամուլի քարտուղարն է կազմել։ Արդարադատության նախարարությունն իրականացնում է դատավորների որս, ընդգծել է իրավաբանը։

Սիրանուշ Սահակյանը հիշեցրել է, որ Արդարադատության ներկայիս նախարարը (Գրիգոր Մինասյան) եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը (արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյան) առնվազն գործնական հարաբերություններ ու բիզնես ունեն, եւ դրանցից մեկը վերաբերում է դատարաններին, իրավաբանական ծառայություններ է մատուցում։

«Այս պայմաններում հարաբերությունները չեն կարող լինել անաչառ», - ընդգծել է Սահակյանը՝ հավելելով, որ «իրավիճակը խախտում է Սահմանադրությունը»։ Միաժամանակ, փաստ է, որ որ Անդրեասյանը չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը դատավոր Նախշքարյանի նկատմամբ, Սահակյանը դրա վերաբերյալ հրապարակային խոստովանությունը համարել է ոչ այլ ինչ, քան «անվտանգության բարձիկ»։

Զարուհի Նախշքարյանը հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովը եւ «ԳՐԵԿՈ»-ն (Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ) ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ արդարադատության նախարարի նախաձեռնությամբ կարգապահական վարույթների մեխանիզմը չի կարող չարաշահվել, այն կարելի է կիրառել, բայց ոչ շատ հաճախ: Մեզ մոտ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Նախշքարյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը ստեղծվել է 2018 թվականի մարտին, եւ դրանից հետո դատական ​​իշխանության հեղինակությունը գնալով անկում է ապրում։

Հեղինակության վրա ազդող եւ դատական համակարգի համար ոչ գրավիչ փաստերից նա նշել է ուժայինների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը, այդ թվում դատախազների։

«Ընդ որում, որ դատավորները շարունակում են փոքր աշխատավարձով հսկայական աշխատանք կատարել։ Կարգապահական վարույթների դամոկլյան սուրը կախված է յուրաքանչրյուր դատավորի գլխին, բայց՝ ընտրովի սկզբունքով» նշել է նա՝ հավելելով, որ վարույթներն իրականացվում են Բարձրագույն  դատական խորհրդի նախագահի անձնական թշնամանքի հիման վրա։

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ հետապնդումները քաղաքական վրեժի դրսեւորում են, քանի որ նրա հայրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն էր, Զարուհի Նախշքարյանը գերադասել է չպատասխանել, բայց եւ չի բացառել. «Համենայն դեպս այդ մասին չի խոսվում»,- ասել է նա։ Նախշքարյանի խոսքով, բոլոր գործողությունների նպատակը դատավորների մոտ վախի արմատավորումն է։

Կրկին խոսքի իրավունք խնդրելով՝ Սահակյանը նշել է, որ իշխանությունները կանխամտըածված ոչնչացնում են համակարգը՝ հասկանալով, որ ՄԻԵԴ-ի որոշումները կլինեն 5 տարուց, իսկ այդ ժամանակ Անդրեասյանը, որի լիազորություններն ավարտվում են, արտեկրում կզբաղվի իր բիզնեսով։ Ադրբեջանն էլ է նույն կերպ վարվում, փորձում է հիմա ստանալ, իսկ որոշումը թող հետո լինի, համեմատել է փաստաբանը։ «Հանուն քաղաքական ակնթարթային որոշումների՝ դատական ​​համակարգը ենթարկվում է ցնցումների, որոնք թանկ կարժենան ողջ հասարակության համար»,- եզրափակել է Սահակյանը։

  • Կիսվել: