չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Սթարմերը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության նոր փուլին անցնելը

Սթարմերը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության նոր փուլին անցնելը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Կիևին հետագա աջակցության հարցերը: Այդ մասին հաղորդել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Վարչապետը և նախագահը պայմանավորվել են անցնել ռազմական աջակցության հաջորդ փուլին՝ հավելելով, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն ապահովելու համար ուժեղ Ուկրաինա է անհրաժեշտ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը պայմանավորվել են «առաջիկա շաբաթներին» «կամեցողների կոալիցիայի» հերթական նիստ գումարելու շուրջ։

Սթարմերը Զելենսկիին տեղեկացրել է Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների մասին, որոնք նախատեսված են «տնտեսական ճնշումը մեծացնելու» համար, և կողմերը «համաձայնել են, որ նրանք, ովքեր ֆինանսավորում են (ՌԴ նախագահ) Պուտինի ռազմական մեքենան, թաքնվելու տեղ չունեն»։ 

Հանդիպումը տեղի է ունեցել Կանադայում անցկացվող G7 գագաթնաժողովի շրջանակներում՝ «գործընկերների լայն շրջանակի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո», որը նվիրված էր Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության ապահովմանը։

Հունիսի 17-ին բրիտանական իշխանություններն ընդլայնել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակները՝ դրանցում ավելացնելով ևս վեց կառույց և չորս ֆիզիկական անձի, 20 նավ, որոնք, բրիտանական կողմի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանի հետ։

 

  • Կիսվել: